Ջրի վրայով քայլող ռոբոտ է ստեղծվել

23:04 • 27.07.12

Չինացի ինժեներների կողմից ստեղծված փոքրիկ ռոբոտը կարողանում է ոչ միայն քայլել ջրի վրայով, այլ նաև թռչկոտել ջրի երեսին: Գիտնականները պնդում են, որ մեխանիկական ջրասարդ հիշեցնող սարքը լայն կիրառում կստանա բնապահպանական մոնիթորինգի և արդյունաբերության տարբեր ոլորտներում, հաղորդում է wired.com-ը:


Ջրասարդ ռոբոտի հեղինակը Չինաստանի Խարբին քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Չժի Չժաոն է: Սարքը 15 սմ երկարություն և սովորական մատիտի քաշ ունի: Չնայած թվացյալ թեթևությանը, ռոբոտը ավելի քան 1000 անգամ սովորական ջրասարդերից ծանր է, բայց կարողանում է 14 սմ բարձրություն և 34 սմ երկարություն ցատկել:


Տեղաշարժման յուրահատուկ հնարավորության գաղտնիքը սարքի 6 ոտքերի հարթակների մեջ է: Դրանք կարբոնի մանրաթելերից են և նիկելի միացություններով են պատված, որը ուժեղ հիդրոֆոբ հատկություն ունի, այսինքն ջրահեռացնող է: Ջրի մեջ մտցնելիս հարթակի շուրջ օդի պղպջակներ են հայտնվում, որը կանխում է «թաթերի հետագա» սուզումը:


Wired-ի փոխանցմամբ, փորձարկումների ժամանակ ռոբոտը հաջողությամբ սահում էր ջրի երեսին և նույնիսկ մի փոքր ցատկոտում էր ջրի վրա: Սակայն իրական ջրասարդերը դեռ շատ ավելի բարդ գործողություններ են կատարում, նշում են չինացի գիտնականները:


Որպես նոր ռոբոտի կիրառման ամենահավանական ոլորտ նշվում է էկոմոնիթորինգը, ինչպես նաև հետախուզական և դիտարկման առաքելությունները:

 

 

 

Ջրի վրայով քայլող ռոբոտ է ստեղծվել