Աղոթքները նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդությամբ կանանց հիվանդանալու ռիսկը

11:41 • 31.07.12

Ամենօրյա աղոթքներն օգնում են նվազեցնել Ալցհեյմերի հիվանդությամբ (65-ից բարձր տարիքում մտավոր ունակությունների թուլացում, հիշողության անկում) կանանց հիվանդանալու ռիսկը: Նման եզրահանգման են եկել ամերիկացի ու իսրայելցի գիտնականները, որոնք զբաղվում են մարդու առողջության վրա կրոնի ազդեցության ուսումնասիրմամբ, հայտնում է Xinhua-ն:

Նրանց համաձայն` աղոթքներն ունակ են 50%-ով կրճատել կանանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն տղամարդկանց վերաբերյալ նման արդյունքներ ստանալ չի հաջողվել:

«Աղոթքը կապված է մտածողության հետ, իսկ յուրաքանչյուր մտավոր աշխատանք պաշտպանում է ուղեղը հիվանդության զարգացումից»,- ասել է Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ռիվկա Ինցելբերգը:


Հետազոտության համար գիտնականները հարցումներ են անցկացրել կրոնական մի համայնքում, որտեղ օրական 5 անգամ աղոթք է կատարվում: Պարզվել է, որ այդ համայնքի տղամարդիկ ավելի հաճախ են աղոթում, քան կանայք: Նրանցից նվազագույնը 90%-ը հայտնել է ամեն օր աղոթելու մասին: Սա դժվարեցրել է մասնագետների աշխատանքը` պարզել աղոթքների ազդեցությունը տղամարդկանց մտավոր գործունեության վրա, քանի որ նրանք չեն կարողացել աղոթողներին համեմատել չաղոթող տղամարդկանց հետ`վերջիններիս քիչ լինելու պատճառով:

Կանանց մոտ պատկերն այլ է եղել: Ամենօրյա աղոթքներին մասնակցում է համայնքի կանանց 60%-ը, իսկ 40%-ը խոստովանել է, որ չի աղոթում ամեն օր: Արդյունքում` գիտնականներին հաջողվել է համեմատել ցուցանիշերը և անել համապատասխան եզրակացություններ:

Աղոթքները նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդությամբ կանանց հիվանդանալու ռիսկը