Ֆրանսիացի գիտնականները աչքով գրելու և նկարելու սարք են ստեղծել (տեսանյութ)

20:27 • 31.07.12

Ֆրանսիայի գիտնականները մի սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է գրել և նկարել աչքերով, առանց վերջույթները գործածելու: Սարքը, գործելիս, հետևում է մարդու աչքի շարժումներին (eye tracking), հաղորդում է Current Biology պարբերականը:


Չնայած, որ այս ասպարեզում բազմաթիվ հետազոտություններ արված և սարքավորումներ են ստեղծված, սակայն գիտնականները ստիպված են եղել որոշ առանձնահատուկ, մարդու ֆիզիոլոգիայի հետ կապված, նախկինում անհաղթահարելի մնացած դժվարություններ հաղթահարել:

Բանն այն է, որ աչքերի կտրուկ և ակամա շարժումները դժվարեցնում են հստակ գծի անցկացումը, և որպես հետևանք, գրելը: Միևնույն ժամանակ մարդու աչքը կարող է սահուն շարժվել, օրինակ, երբ հետևում է դանդաղ շարժվող օբյեկտներին:

 

Ֆիզիոլոգիական սահմանափակումները հաղթահարելու համար մասնագետները օգտվել են «ֆի» ֆենոմենից (Phi phenomenon), որի ժամանակ սուբյեկտը ընկալում է շարժումը, հետևելով նկարներին, որոնց կոնտրաստը աստիճանաբար փոփոխվում է:


«Ի տարբերություն ներկա համոզմունքների, մենք կարողացել ենք աչքի սահուն ընթացքի հասնել: Մեր հայտնագործության շնորհիվ մարդու աչքը կարող է փոխարինել գրելու գործիքը»,- պատմել է գիտախմբի ղեկավար Ժան Լորենսոն, Փարիզի Պիեր և Մարի Կյուրիի համալսարանից:


Մասնագետները կարծում են, որ իրենց հայտնագործությունը օգտակար կլինի ոչ միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, այլև լայն կիրառում կունենա զանազան հատուկ մասնագիտական ոլորտներում, օրինակ, վիրաբուժության, սպորտի կամ տեխնիկայի կառավարման ասպարեզում. Երբ ձեռքերը զբաղված են, մարդը կարող է անցնել աչքերով կառավարմանը:

 

Ֆրանսիացի գիտնականները աչքով գրելու և նկարելու սարք են ստեղծել (տեսանյութ)