ԱՄՆ բանակը փորձում է առնետներից սակրավորներ պատրաստել

22:11 • 01.08.12

ԱՄՆ բանակն առնետների ուսուցման ավտոմատացված R.A.T.S. համակարգ է պատվիրել, որն առնետներին կսովորեցնի պայթուցիկ նյութեր հայտնաբերել:


Ինչպես հաղորդվում է ԱՄՆ բանակի մամլո հաղորդագրության մեջ, նման համակարգի ստեղծմամբ զբաղվում է Barron Associates ընկերությունը բանակի հետազոտական լաբորատորիայի գիտնականների հետ համատեղ:


Առաջին փուլում հետազոտողները պետք է պարզեն, թե հնարավո՞ր է առնետներին սովորեցնել պայթուցիկ փնտրել և ինչպե՞ս դա անել:


Զինվորականները մտադիր են առնետներին սովորեցնել հայտնաբերել հողի տակ թաքցված նույնիսկ ամենափոքր չափի պայթուցիկները:


Գիտնականները կարծում են, որ սակրավորությանն առնետներին ընտելացնելը սակավ ծախսատար կլինի: Բացի այդ, առնետների քաշը մեծ չէ, և այդ պատճառով հակահետևակային ականները նրանց քաշից չեն պայթում:


Բացի դրանից՝ վարժեցված առնետներին կարելի է կիրառել փլվածքների տակ մնացած մարդկանց հայտնաբերելու համար:
Առաջին անգամ ամերիկացի զինվորականներն առնետներին պայթուցիկի հայտնաբերման համար կիրառելու մտքով հետաքրքրվել են 2010թ.: Այդ ժամանակ մի շարք խորհրդակցություններ են անցկացվել Տանզանիայի զինվորականների հետ, որոնք արդեն մի քանի տարի օգտագործում են գամբիական (Cricetomys gambianus) առնետներին՝ ինքնաշեն պայթուցիկ նյութերը հայտնաբերելու համար:


Տանզանիական զինվորականները, որպես վարժեցված կրծողների թերություն նշում են դրանց ցածր արդյունավետությունը, քանի որ մեկ առնետը մեկ օրվա ընթացքում միայն 84 քառակուսի մետր տարածք կարող է զննել:


 

ԱՄՆ բանակը փորձում է առնետներից սակրավորներ պատրաստել