Առաջին անգամ iPad-ով հայերեն սովորելու համալիր ծրագիր է ստեղծվել Լոս Անջելեսում (լուսանկարներ)
Zyabs ստեղծագործական թիմը, դիզայներ Դավիթ Մարգարյանի և Սամվել Հովհաննիսյանի մտահղացմամբ Learn Armenian («Սովորիր հայերեն») անվանումով համալիր ծրագիր է ստեղծվել iPad-ի համար, որի օգնությամբ կարելի է սովորել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ ավելի քան 230 բառ և 38 բանաստեղծություն:
Ծրագիրն ունի 3 բաժին: Առաջինը տարողունակ է և բազմաֆունկցիոնալ: Դրա օգնությամբ կարելի է սովորել, կարդալ, գրել և արտասանել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ սովորել 230 բառ և 38 բանաստեղծություն: Առաջին բաժին մուտք գործելով ցանկացած տառի ենթաբաժին՝ կարելի է տեսնել և/կամ լսել տվյալ տառն ու համապատասխան առարկայի նկարազարդումը, գրել կամ նկարել տվյալ տառը, սովորել 5 բառ, որոնք կօգնեն զարգացնել տվյալ տառի լսելու, արտասանության, կարդալու հմտությունները: Ինչպես նաև՝ լսել և կարդալ յուրաքանչյուր տառին ու բառին համապատասխան բանաստեղծությունը:
Ծրագրի վերջին երկու բաժիներն ավելի պարզ են` նախատեսված թերթելու տառերը, կենդանիների ու առարկաների նկարները:
Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նկարների էսթետիկ ձևավորմանը` ստեղծելով բարի ու գունեղ կերպարներ:
«Learn Armenian-ը իր համարժեքը չունեցող ուսուցողական համալիր ծրագիր է, որը երեխային կօգնի հեշտությամբ յուրացնել հայոց այբուբենի տառերը և լավ հիմք կհանդիսանա ճիշտ լեզվամտածողության համար»- կարծում է Սամվել Հովհաննիսյանը:










