Հայաստանն ինտերնետի որակով մի քանի անգամ հետ է աշխարհից. Արշակ Սադոյան
Թեև Հայաստանում ինտերնետը զարգացած է, սակայն ամբողջ աշխարհում այն մի քանի անգամ ավելի է զարգացած և Հայաստանը դրանից շատ հետ է մնում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«Ինտերնետի զարգացումը կարևորագույն խնդիր է ամբողջ Հայաստանի համար: Օրինակ՝ եթե ուզում եք ձեր հեռախոսային կապը երեք անգամ էժանանա, դուք կարող եք դա անել: Դրա համար ոչինչ պետք չէ, պարզապես օգտագործում եք «սկայպ», բոլորդ էլ «սկայպ»–ով եք խոսում, և հարցը լուծվում է, դրա մեջ ոչ մի դժվար բան չկա»,- ասաց Արշակ Սադոյանը:
Վերջինս նշում է, որ Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող օպերատորները ստանում են գերշահույթներ, և ոչ ոք չի կարողանում նրանց կանգնացնել. «Ոչ ոք չի ասում, ա՛յ մարդ, ո՞նց են մեր ազգի վրա կարողանում ստանալ գերշահույթներ»:
Արշակ Սադոյանը կոչ է անում բոլորին անցնել վիրտուալ համակարգի, օգտագործել միայն համացանցային զանգերը և ստեղծել համացանցային աշխարհ:
«Նայեք, տեսեք նման բան լինելու դեպքում, երբ համախմբվեք և օգտագործեք ինտերնետային հեռախոսային կապերը, կունենանք նաև համացանցում միասնական խմբեր, որոնցից հետո էլ կարող ենք ստեղծել առանձին համահայկական վիրտուալ կուսակցություն, որի դեմը ոչ ոք չի կարողանա առնել»,- եզրափակեց Արշակ Սադոյանը:










