Կենսաբանները բացահայտել են փղերի ինֆրաձայնային երգի մեխանիզմը (տեսանյութ)
Գիտնականները պարզել են, որ ինֆրաձայնային ազդանշանները փղերը արձակում են հատուկ մեխանիզմի միջոցով, որը շատ նման է մարդկային խոսքին, բայց ոչ կատուների մռմռոցի:
Գիտական աշխատանքը հրապարակված է Science ամսագրում, իսկ դրա կրճատ տարբերակը ներկայացնում է ScienceNow-ն:
Ութսունական թվականներին բիոակուստիկները պարզել են, որ փղերը ունակ են արձակել 1ից 20 հերց հաճախականությամբ ձայներ: Այդ ձայնը մարդու ականջի համար լսելի չէ, քանի որ մարդու ձայնային զգայունության տիրույթից դուրս է, սակայն մարդիկ կարողանում են լսել փղերի ձայնի վերին հարմոնիկաները` բազմապատկվող հաճախականության ձայները:
Փղերի նման ցածր հաճախականության ձայներ արձակելու մեխանիզմը բացահայտելու համար գիտնականները ստիպված էին դրանք վերաարձակել:
Նրանք այդ նպատակով օգտագործել են բնական մահով մահացած փղի առանձին կոկորդը,որին միացրել են օդով լցված տարողություն` արհեստական «թոք», որը տաքացրել և խոնավացրել են հատուկ գործիքներով:
Դա արվել է, որպեսզի հասնեն այն բնական ֆիզիկական հատկություններին, որոնք բնորոշ են փղի արտաշնչած գազին:
Արհեստական «թոքից» օդը մղվել է կոկորդ, որտեղ ձայնալարերի տատանում է առաջացրել: Դրանք այնտեղ ձայներ են առաջացրել, որը գիտնականները ձայնագրել են:
Ձայնագրությունները համադրվել են բնական միջավայրում փղերի արձակած ձայների ձայնագրությունների հետ, և պարզվել է, որ արհեստականը շատ նման է կենդանի փղերի ցածր հաճախականության ձայներին:
Փղերի ձայնում փոքր քանակի բարձր հաճախականության հարմոնիկաների առկայության պատճառով մարդիկ դրանք նմանեցնում են գռմռոցի կամ կատվի մռմռոցի: Սակայն, գիտնականները ցույց են տվել, որ կատվի ձայնը և փղերի երգը քիչ նմանություններ ունեն:
Կատուները ձայն են արձակում կոկորդում արագ մկանային կծկումների շնորհիվ, իսկ մարդու երգն ու խոսքը առաջանում է ձայնալարերի պասիվ տատանումներից, որոնք առաջացնում է անցնող օդի հոսանքը: Գիտափորձերը ցույց են տվել, որ փղերի մոտ նույն այդ պասիվ մեխանիզմն է գործում:
Բնության մեջ փղերն օգտագործում են ցածր հաճախականության ձայները մեծ տարածությունների վրա կոմունիկացիայի համար:
Հայտնի է, որ որքան ցածր է ալիքի տատանումը, այնքան հեշտ է այն շրջանցում խոչընդոտները և ավելի մեծ տարածության վրա է թափանցում:
Փղերը, կենսաբանների տվյալներով, կարողանում են իրենց ազգակիցների կոչը լսել 10 կմ հեռավորության վրա:










