Պահանջում են «ԱրմենՏելին» զրկել լիցենզիայից, ընկերությունը չի մեկնաբանում
Բջջային կապի ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) այս պահին որևէ պարզաբանում չի ներկայացնում երեկ, ինչպես ընկերությունում են որակում՝ «կապի որոշ սահմանափակումների» վերաբերյալ:
«Որևէ մեկնաբանություն դեռևս չունենք, ինչպես երեկ ևս նշեցի, սահմանափակ բնույթ էր կրում կապի սահմանափակումը, կատարվում է հետաքննություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյանը:
Հիշեցնենք, երեկ ժամը 17:30–ից սկսած մինչ 24:00-ն «ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի օպերատորի բաժանորդները որոշակի դժվարություններ ունեին՝ պայմանավորված կապի մասնակի խափանումներով և որոշակի տեխնիկական սահմանափակումներով. հնարավոր չէր միանալ Beeline բջջային կապի բաժանորդներին կամ էլ եթե մի հեռախոսահամարից հնարավոր էր լինում միանալ, ապա մեկ ուրիշից՝ ոչ:
Երեկ «Ֆեյսբուք» սոցցանցում Զոհրաբ Եգանյան անուն ազգանունով օգտատերը տարածել էր «ԱրմենՏել» բջջային կապի մի խումբ բաժանորդների բաց նամակը՝ ուղղված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Բաց նամակում Զոհրաբ Եգանյանը գրում է.«Բջջային կապի ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ընկերությունը վերջին ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ տևական ժամանակով զրկում է իր բաժանորդներին բջջային կապից և չի տրամադրում անհրաժեշտ ու համարժեք փոխհատուցում: Որպես պատկան մարմին, խնդրում ենք միջնորդել, որպեսզի վերոնշյալ ընկերությունը կա՛մ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կա՛մ` կարճ ժամանակահատվածում կատարի համապատասխան տեխնիկական վերազինում և տրամադրի համարժեք փոխհատուցում»:
Ի դեպ, բաց նամակին միացել են բազմաթիվ բաժանորդներ, իրենց վերաբերմունքն արտահայտելով «լայքեր»-ով:
Անուշ Բեղլոյանը օգտատերի նման առաջարկի վերաբերյալ ևս որևէ մեկնաբանություն չունի, միայն փոխանցեց՝ «առանց մեկնաբանության»:










