Փողը չի կարող մարդուն պահել այն աշխատատեղում, որը նրան դուր չի գալիս. հետազոտություն
ԱՄՆ-ի Այովայի համալսարանին կից Թիփիի բիզնես դպրոցի դասախոս Գրեգ Սթյուարտը և նրա գործընկերները հետազոտությամբ պարզել են, որ տարբեր ընկերությունների աշխատակիցները առավել արդյունավետ են աշխատում, երբ սերտորեն համագործակցող թիմ են, հայտնում է RBC Daily-ն:
Գիտնականների անցկացրած փորձին մասնակցել է Այովա նահանգի 3 գործարանի 45 ինքնակառավարվող թիմի 587 աշխատակից, ումից պահանջվել է գումար բաշխել իրենց թիմի անդամների միջև՝ որպես աշխատավարձի բարձրացում:
Բաշխման չափերը ուսումնասիրելով՝ մասնագետները հանգել են եզրակացության, որ աշխատակիցները հոգ են տանում իրենց որոշումներով ավելի շատ գործընկերներին չհիասթափեցնելու, քան սեփական հարստացման մասին: Փողը աշխատակիցների մոտիվացիայի գլխավոր գործիք չի եղել:
«Գործընկերների կողմից գործադրվող ճնշումը մեծ շարժիչ ուժ է, որը երբեմն առավել արդյունավետ է ազդում», - համարում է Ստյուարտը:
Սակայն այդ սկզբունքը աշխատում է միայն այն դեպքում, երբ կոլեկտիվի անդամները լավ հարաբերություններ ունեն: Եթե գործընկերները հոգ չեն տանում միմյանց, այդ դեպքում առաջին պլան է մղվում փողը:
Ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Տեխասի համալսարանի դոկտոր Սթիվեն Քոթրայթն ասել է, որ թիմային ոգին հիմնական մոտիվացիոն գործոնն է արտադրողականության բարձրացման մեջ: Ուստի համախմբվածությունը ավելի բարձր արդյունքներ է ապահովում, քան «մտրակի և քաղցրաբլիթի» մեթոդը:
Ըստ HeadHunter-ի մարքետինգի տնօրեն Օլգա Մանանիկովայի՝ երբ փողը դառնում է միակ ուժեղ մոտիվացիոն գործոնը, աշխատակիցը սկսում է վատ աշխատել և մի քանի ամսից սկում է նոր աշխատանք փնտրել. փողը չի կարող մարդուն երկար պահել այն աշխատավայրում, որը նրան դուր չի գալիս:









