«ԱրմենՏել»-ը չի կասկածում գործընկերներին և հանդես կգա պարզաբանմամբ
Բջջային կապի ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») երեքշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ, որով կպարզաբանի ամռան ամիսներին բջջային կապի երեք խոշոր վթարների պատճառների մասին, այս մասին Tert.am-ը տեղեկացավ ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանից:
Նշենք, որ այսօր «Հրապարակն» անդրադառնալով վերջին ամիսներին մի քանի անգամ տեղի ունեցած կապի խափանումներին, գրում է, որ չնայած «ԱրմենՏելը» հրապարակավ չի խոստովանում, սակայն դրանք գրեթե առեղծվածային բնույթ ունեն՝ կրկնվելով մոտ 30-40 օր ինտերվալով և որ դրանց պատճառը մասնագետները չեն կարողանում պարզել։
«Կարելի էր ենթադրել, որ սա մրցակիցների ձեռքի գործն է, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է այս մասին հրապարակային հայտարարություն անելուց»,-գրում է «Հրապարակը»:
Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք քննարկվել է նման վարկած, որ խափանումները կարող են մրցակիցների ձեռքի գործը լինել, Անուշ Բեղլոյանն ասաց.«Նման ենթադրությունների հիմք ընկերությունը չունի»:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերության մի խումբ վրդովված բաժանորդներ օրերս բաց նամակով դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պահանջելով զրկել «ԱրմենՏելին» լիցենզիայից:










