Առաջիկա գիշերվա ընթացքում կդիտվի առատ աստղաթափ

15:18 • 12.08.12

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կդիտվի առատ ասուպային գիշեր կամ ժողովրդական լեզվով ասած՝ աստղաթափ:


Աստղագետ Արեգ Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այն կապված է Պերսեիդի երկնաքարերի հոսքի հետ:


«Արեգակնային համակարգում, բացի մեծ մոլորակներից, գիսավորներից, աստղակերպերից, կան նաև բազմաթիվ մանր երկնաքարեր: Երկիրն իր ուղեծրով անցնելիս ժամանակ առ ժամանակ անցնում է երկնաքարերի միջով: Այդ ժամանակ տեղի է ունենում երկնաքարերի մուտքը մթնոլորտ և շատ մանր երկնաքարեր սկսում են այրվել ճանապարհին»,– բացատրեց նա:


«Բայց մենք տեսնում ենք այդ այրման հետքերը: Այրման ընթացքում առկայծում է տեղի ունենում և այնպիսի տպավորություն է, որ աստղեր են թափվում: Մարդիկ սիրողական մակարդակով երևույթը կոչել են ընկնող աստղեր կամ աստղաթափ»,- ավելացրեց աստղագետը և նշեց, որ այս երևույթը կոչվում է ասուպ, իսկ մարմինՆերը՝ երկնաքարը:


Հարցին, թե ինչ հաճախականությամբ է նման երևույթ տեղի ունենում, աստղագետը նշեց, որ երկնաքարերը սովորաբար միշտ իրենց դիրքերում են գտնվում, այդ պատճառով երևույթը միշտ կրկնվում է տարվա այս ժամանակում՝ հիմնականում օգոստոսին:


«Կան տարբեր ասուպային հոսքեր, որ տարվա տարբեր ժամանակներում են դիտվում, պարզապես սա ամենախոշորներից մեկն է: Ասուպի ականատես ամենալայն մասշտաբի կարելի է լինել հենց այս գիշեր: Հաջորդող օրերին ևս ասուպ կնկատվի, սակայն պակաս չափերով»,- ասաց նա:


Արեգ Միքայելյանը նշեց, որ երկնաքարերի մեծ մասը չի հասնում երկիր, թեև եթե մեծ լինի, ապա հնարավոր է՝ հասնեն: Դրանց ապացույցն է Երկրի վրա առկա բազմաթիվ խառնարանները, որոնք դրանց անկման վայրերում են: Նա նշեց, որ երկնաքարերի հետքերը լուսնի վրա ավելի լավ են երևում:


Աստղագետը նաև ասաց, որ Երևանում լուսավորության պատճառով աստղաթափին հետևելն ավելի դժվար կլինի, բայց մայրաքաղաքից դուրս, 1 ժամում հնարավոր կլինի 60-100 ասուպի ականատես լինել:

 

Առաջիկա գիշերվա ընթացքում կդիտվի առատ աստղաթափ