Գալիս ենք կառավարման համակարգի փոփոխությունը Երևանից սկսելու համար. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

16:54 • 01.05.13

Ազատության հրապարակում «Բարև, Երևան» դաշինքի այսօրվա հանրահավաքի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններին դաշինքի ներկայացրած ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասաց, որ պայքարի տարբեր ժամանակներ են եղել, և իրենք տարբեր հաջողութուններ են գրանցել, բայց մի բան ակնհայտ է, որ Երևանում, Հայաստանում, քաղաքացին արդեն ասել է , որ ինքն է իր իրավունքի տերը, իսկ «Բարև, Երևանը» գալիս է կառավարման համակարգի փոփոխությունը մայրաքաղաքից սկսելու համար:


«Դա տեղի ունեցավ փետրվարի 18-ի ձեր որոշման արդյունքում, ոչ մեկ չկարողացավ պարտադրել ձեզ այդ որոշումը, ոչ մեկ չկարողացավ ձեր համոզումից փոխել: Այն իշխանությունը, որ այսօր իբրև թե կա՝ ժամանակավոր է, բայց մենք ունեցանք դե յուրե առաջնորդ»,– ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։


«Րաֆֆի Հովհաննիսյանին դուք վստահեցիք, ձեր ձայնը տալով նրան, ասացիք՝ մենք վստահում են ձեզ՝ մեր Հայաստանի կառուցման համար: Մենք՝ «Բարև, Երևան» դաշինքի անդամներս, այդ վստահությունը տվեցինք նրան: Այսօր այդ դաշինքը գալիս է կառավարման համակարգի փոփոխությունը Երևանից սկսելու, սա նոր շարժում չէ, նոր իրավիճակ չէ, սա շարունակություն է փետրվարի 18-ի ձեր որոշման»,- ավելացրեց նա։


Արմեն Մարտիրոսյանը հավատացրեց, որ եթե իրենք գան իշխանության, ապա կառավարման համակարգը չի ծառայելու մի քանի օլիգարխի, պաշտոնատար անձանց շահերին: Դիմելով երևանցիներին՝ նա ընդգծեց, որ Երևանի ընտրությունները քաղաքական են, որովհետև մայրաքաղաքը մեր երկրի կեսից ավելին է:


«Երևանում է ապրում մեր ժողովրդի 50%–ից ավելին, Երևանում է գտնվում արդյունաբերության 50%-ը, ֆինանսական հոսքերի 80%, մանրածախ առևտրի 85%-ը: Ուստի Երևանը ռեսուրսների առումով մեծ նշանակություն ունի: Կառավարումը, քաղաքական որոշումները, եկամուտների բաշխումը բացառապես քաղաքական են, մենք գալիս ենք այդ որոշումը փոխելու»,– ասաց նա:


«Երևան քաղաքում դուք ընտրելու եք ավագանի: Որքան էլ կարևոր լինի քաղաքապետը, ավելի կարևոր է ավագանին, որովհետև որոշումը կայացնում է ավագանին, ոչ թե քաղաքապետը»,- նշեց «Բարև, Երևան»–ի առաջին համարը։


Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ «Բարև, Երևան» դաշինքի հաղթանակի դեպքում քաղաքապետն իր պաշտոնավարության տարիների ընթացքում չի ունենալու բիզնես, ավագանու որևէ անդամ չի ունենալու բիզնես, չեն սպասարկելու բիզնես հետաքրքրությունները: Լինելու է միայն մեկ շահ՝ քաղաքացու շահը:


«Որևէ դեպքում գումար չի ծախսվելու, որ Վոլոչկովա բերվի, որովհետև ունենք Արթուր Իսպիրյանի նման իսկական արվեստագետ, ունենք բազմաթիվ դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, որոնք ամբողջ աշխարհում կարողանում են ներկայանալ, մենք մեր արժեքները պետք է տարածենք»,- ասաց նա:


Այնուհետև Արմեն Մարտիրոսյանը խոսեց դաշինքի ներկայացրած ծրագրերի մասին և նշեց, որ իրենց համար առաջնային խնդիրներից է լինելու մետրոյի նոր կանգառների կառուցումը, ճանապարհների որակի բարելավումը:


«Երևանում տրանսպորտի խնդիրը լուծվելու է, միկրոավտոբուսներ չեն լինելու, գործելու են էլեկտրական տրանսպորտային միջոցներ: Այգիների խնդրին մեծ ուշադրություն ենք դարձնելու, այգիների հաշվին շինություններ չեն կառուցելու, վերականգնվելու են այն այգիները, որտեղ շինություններ կան»,-ասաց նա:


Վերջում Արմեն Մարտիրոսյանը հորդորեց երևանցիներին մայիսի 5-ին գնալ ընտրությունների և իր ձայնը տալ «բարև, Երևան» դաշինքին։