Աշխատավայրում լացելը նորմալ երևույթ է. Facebook-ի տնօրենների խորհրդի կին անդամ

18:28 • 21.05.13

Facebook ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամ, հայտնի կին գործարար Շերիլ Սենդբերգը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ գործընկերների առաջ զգացմունքներն արտահայտելը նորմալ երևույթ է։ Նրա կարծիքով՝ ոչ ոք չպետք է մեղադրի մարդուն աշխատավայրում արցունքների համար՝ լինի տղամարդ, թե կին, գրում է Russia Today-ը։

 

Շերիլ Սենդբերգը ճանաչում է ձեռք բերել գործարար ոլորտում կանանց մասին գիրք գրելուց հետո, որն անմիջապես դարձավ բեսթսելլեր։ Սենդբերգին հաջողվել է դառնալ ընկերության գոյության պատմության ընթացքում առաջին կինը, որն ընդգրկվել է Facbook-ի տնօրենների խորհրդի կազմում։ Իսկ ըստ Time ամսագրի՝ Սենդբերգն ընդգրկված է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։

 

43-ամյա գործարարը խոստովանել է, որ «արտասվում է աշխատավայրում»՝ ավելացնելով, որ այն կարծիքը, թե «երկուշաբթիից ուրբաթ կանայք իրենց այլ կերպ են պահում, քան հանգստյան օրերին և գիշերները», սխալ է։

 

«Մենք բոլորս զգացմունքային արարածներ ենք, և աշխատավայրում զգացմունքներով շրջապատի մարդկանց հետ կիսվելը նորմալ է»,- կարծում է Սենդբերգը։

 

Տղամարդիկ, նրա խոսքով, ավելի քիչ են իրենց զգացմունքները հրապարակայնորեն արտահայտում միայն նրա համար, որ նման վարվելաձևն ուժեղ սեռի ներկայացուցիչներին ներարկում են մանկությունից։ Իսկ ավելորդ զգացմունքայնությունը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց կարիերայի վրա։

 

Նա վստահ է, որ կանանց, ովքեր ստիպված են միաժամանակ աշխատել և երեխայի մեծացնել, անհրաժեշտ է կրկնակի աջակցություն՝ ինչպես տանը, այնպես էլ գրասենյակում։ Անձամբ Սենդբերգը երկու երեխաների մայր է և աշխատում է տարեկան 26 մլն դոլար։

 

 

 

Աշխատավայրում լացելը նորմալ երևույթ է. Facebook-ի տնօրենների խորհրդի կին անդամ