Rolls-Royce-ը կստեղծի 135 000 ձիաուժ հզորությամբ և ձայնի արագությունը գերազանցող ավտոմեքենա (լուսանկարներ)

22:15 • 22.05.13

Rolls-Royce ընկերությունը կմասնակցի մի հետաքրքրական պրոյեկտում՝ ձայնի արագությունը գերազանցող ավտոմեքենայի ստեղծմանը, տեղեկացնում է RBK-ն: 

 

Այս նպատակով Rolls-Royce-ը Bloodhound ընկերությանը կտրամադրի EJ200 ռեակտիվ շարժիչը, որը նախատեսված է Eurofighter Typhoon կործանիչի համար: Այսպիսով՝ մեքենայի ուժային ագրեգատը կստանա 135 000 ձիաուժ հզորություն:

 

Ստեղծվելիք մեքենայի՝ SSC-ի արագությունը կհասնի 1609 կմ/ժ-ի, ինչն ավելին է, քան բաց տարածքում ձայնի արագությունը:


Բացի EJ200-ից աշխարհի ամենաարագ ավտոմեքենայի ուժային ագրեգատը կներառի հիբրիդ հրթիռային և 12 մխոցանի բենզինային շարժիչներ: Ինքը՝ մեքենան, նման է գետնի վրա տեղաշարժվող հրթիռի:

 


 

 

Ամենարագ ավտոմեքենան, նախնական հաշվարկներով, պատրաստ կլինի 2015թ.:

 

 

Rolls-Royce-ը Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանն է տրամադրել 3 EJ200 շարժիչներ և սկսել է իր գործարանում դրանցից մեկի փորձարկումը: Իսկ ամենաարագ մեքենայի փորձարկումները տեղի կունենան Հարավային Աֆրիկայում:

 

 

Չնայած Rolls-Royce-ը երբևէ առանձնապես հակված չի եղել արագության ռեկորդների հետ կապված ծրագրերում մասնակցելուն, սակայն այս անգամ ընկերությունը որոշել է չանտեսել պրոյեկտը: Ընկերության որոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Bloodhound-ը գիտության և տեխնոլոգիայի վերաբերյալ կրթական ծրագիր է մշակել՝ STEM (Science, Technology, Engineering and Maths) անվամբ, որն ուսուցանվում է 5 000 բրիտանական դպրոցներում:

Rolls-Royce-ը կստեղծի 135 000 ձիաուժ հզորությամբ և ձայնի արագությունը գերազանցող ավտոմեքենա (լուսանկարներ)