ԵՄ-ն 1 մլրդ եվրո կծախսի մարդու ուղեղի թվային մոդելի ստեղծման համար
Եվրահանձնաժողովը կհատկացնի ավելի քան 1.2 միլիարդ եվրո գումար մարդու ուղեղի հնարավորինս ճշգրիտ համակարգչային մոդելը ստեղծելու համար, որը կմիավորի այդ օրգանի վերաբերյալ բոլոր գիտելիքները: Նախագծի վրա շուրջ 80 գիտնականների խմբեր կաշխատեն Եվրոպայում, Իսրայելում և ԱՄՆ-ում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Նախագիծը կրում է Human Brain Project անվանումը, իսկ նրա ֆինասնավորման ծավալները հնարավորություն են տալիս այն համեմատել դեպի Լուսին կամ Մարս կատարած ուղևորության հետ:
Շվեյցարական Լոզանում հատուկ այս հետազոտության համար կկառուցվի Neuropolis անունը կրող հսկայական գիտական կենտրոն: Ուղեղի մոդելը պատրաստելու համար կօգտագործվի Եվրոպայի ամենահզոր Juqueen գերհամակարգիչը:
Ըստ գիտնականների, մարդու ուղեղի 3D մոդելը կստեղծվի 10 տարիների ընթացքում: Դրա համար պետք է նեյրոկենսաբանության ոլորտի բոլոր գիտելիքները միավորել ժամանակակից թվային տեխնոլոգիաների հետ: Սակայն գիտնականների իրական նպատակը ոչ թե ուղեղի մոդել ստեղծելն է, այլ ուղեղի խորը հետազոտումն է:
Սակայն մի շարք գիտնականներ հոռետեսորեն են մոտենում նախագծին: Ըստ նրանց, տեխնոլոգիաները և գիտելիքները չեն հասել անհրաժեշտ մակարդակի, իսկ ուղեղի իրական մոդելը հնարավոր կլինի ստեղծել ոչ շուտ քան 20-30 տարի հետո:










