Այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվել գիտության առաջընթացի համար. Գիտպետկոմի նախագահ

14:31 • 31.05.13

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողներին ներկայացրեց գիտության մասով ՀՀ կառավարության ծրագիրը։ Ծրագիրը բաղկացած է չորս մասից։


«Այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվել հետագա առաջընթացի համար: Վերջին տարիների ընթացքում կատարվածը խոսում է այն մասին, որ առաջիկա տարիներին զարգացման ընթացքն ավելի արագ է լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ունեն 70 ծրագիր, որտեղ արտասահմանյան խորհրդատուներ են մասնակցում:

Վերջինիս փոխանցմամբ՝ այս տարի հայտարարվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների ծրագիր, որի արդյունքում հարյուր առավել ակտիվ աշխատող գիտնականներ կստանան հավելավճար հարյուր հազար դրամի չափով: Ծրագիրն առաջին անգամ է անցկացվում, բայց, ինչպես Սամվել Հարությունյանը նշեց, շարունակական է լինելու:

 

Ծրագրի կետերի համաձայն՝ աջակցություն է ցուցաբերվելու գիտնականների վերջին տարիներին գրանցած հաջողությունների հետագա զարգացմանը, ներդրվելու են նոր մեխանիզմներ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ, ընդլայնվելու են երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերը:
 

 

«Արդեն 2009 թվականից սկսած կոմիտեի կողմից իրականացվում են երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված ծրագրեր՝ 300 մլն դրամի շրջանակներում: Ֆինանսավորվել են թվով 81 երիտասարդական ծրագրեր, արդյունքում՝ 124 երիտասարդների տրվել է աջակցություն: 2012թ. սկսած ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի հովանավորությամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ՝ համաֆինանսավորման սկզբունքով»,- հայտնեց Սամվել Հարությունյանը։

 

Վերջինիս փոխանցմամբ՝ առաջիկա տարիներին նպաստավոր պայմաններ են ստեղծվելու գիտական պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար, ինչպես նաև շարունակվելու է աջակցությունը այն գիտական ծրագրերին, որոնք ունեն մասնավոր հատվածից համաֆինանսավորում:
 

«Մոտ 400 երիտասարդներ ընդգրկված են գրանտային ծրագրերում, այս տարի 100 մլն դրամով կավելանա երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը»,- ասաց նա։


Բանախոսն անդրադարձավ նաև ոլորտում առկա խնդիրներին, որոնցից մատնանշեց այն, որ լուրջ սարքավորումների խնդիրներ ունեն հնէաբանները, ինչպես նաև Մատենադարանում խնդիր կա. «Այնտեղ ավելի քան 18 000 ձեռագրեր կան, որոնք թվայնացման կարիք ունեն»։


Իսկ հնագիտական պեղումներ իրականացնելու համար ցանկանում են սեփական լաբորատորիա հիմնել Հայաստանում, ինչը հետագայում կարող է դառնալ ռեգիոնալ նշանակության հաստատություն։

 

Այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվել գիտության առաջընթացի համար. Գիտպետկոմի նախագահ