Առաջին դեմքերի համար նախատեսված չինական լիմուզինները հանվել են վաճառքի (լուսանկարներ)
Առաջին դեմքերի համար նախատեսված լիմուզինները, որոնք արտադրվում են Չինաստանում FAW Group ընկերության կողմից՝ Red Flag անվան տակ, հանվել են վաճառքի։ Այժմ մեքենան կարող է գնել ցանկացած ոք, եթե իհարկե ունի համապատասխան գումար, հայտնում է auto.vesti.ru-ն։
«Նախորդ կյանքի»՝ 24 տարվա ընթացքում Red Flag FAW բրենդն արտադրել է մոտ 1500 մեքենա։ Դրանք նախատեսված են եղել երկրի առաջին դեմքերի համար։
Մայիսի 29-ին FAW-ը որոշել է կյանքի կոչել բրենդը։ Ընկերությունը մտադիր է մինչև 2015 թվականը նոր նախագծում ներդնել նվազագույնը 10,5 մլրդ յուան (մոտ 1,7 մլրդ դոլար)։
Ներկայացուցչական ավտոմեքենաների շուկայում FAW-ն ստիպված կլինի մրցել Audi-ի, BMW-ի և Mercedes-Benz-ի հետ՝ կայացած գնորդների դրամապանակների համար պայքարում։
«Չինական ավտոշուկան կարծես ջունգլի լինի՝ լի վայրագ կենդանիներով։ Red Flag-ը կյանք չի ունենա, եթե ատամները ցույց չտա»,- Bloomberg գործակալությանն ասել է China Minzu Securities Co.-ի վերլուծաբան Սյաո Հեն։
Բրենդի վերածնմանն աջակցել է երկրի իշխող Կոմունիստական կուսակցությունը։

















