Հայաստանում պետք է զարգացնել այլընտրանքային էներգիայի տեսակները. մասնագետ

13:27 • 03.06.13

Հայաստանում պետք է զարգացնել այլընտրանքային էներգիայի տեսակները: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը: Որպես այլընտրանքային էներգիայի միջոցներ նա նշեց արևային էներգիան, քամու էներգիան, հողմային կայանների տեղադրումը: Նա ընդգծեց, որ Հայաստանի միայն հինգ մարզերում է հնարավոր տեղադրել հողմային կայաններ:


«Այսօր եկել է այն պահը, երբ հանրությունը սկսել է մտածել, թե արդյոք այն աղբյուրները, որ մենք ենք կիրառում հեռանկարայի՞ն են, թե ոչ: Այսօր առաջին հերթին պետք է զարգացնել արևից էներգիա ստանալու միջոցները: Դրանք շատ հասարակ են և աշխարհագրական որևէ խնդիր չեն ունենում: Արևային համակարգերն ավելի էֆեկտիվ են կապված՝ թե ինչ բարձրության վրա են ծովի մակերևույթից: Ինչքան բարձր այնքան լավ: Հայաստանում նման պարագայում կարելի է ավելի շատ էներգիա ստանալ, քան արևից ստանում են եվրոպական երկրները»,- ասաց նա:


Միխայիլ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում արդեն արտադրվում են արևային կոլեկտորներ և արդեն շուրջ 10 մլն դրամի վաճառք են իրականացրել:


«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ընդգծեց, որ այլընտրանքային էներգիայից օգտվելու պարագայում, եթե սպառողներն այսօր հոսանքի համար վճարում են 30 դրամ, ապա այդ դեպքում կվճարեն 100 դրամը:


«Այսօր ատոմակայանին այլընտրանք չկա: Մեր ակտիվությունը շարժվում է հակառակ ուղղությամբ»,-ասաց նա միաժամանակ կարևորելով այլընտրանքային էներգիայի տեսակների զարգացումը:


Միխայիլ Մարտիրոսյանն էլ նշեց, որ ամբողջ աշխարհում պետությունն աջակցում է այլընտրանքային էներգիայի տեսակների զարգացմանը: Հայաստանում պետությունը չի օժանդակում, բայց չի էլ խոչընդոտում:


«Նույնիսկ նման պարագայում դրանք զարգանում են, սակայն շատ դանդաղ»,- ասաց նա՝ հորդորելով կառավարությանն ընտրել այլընտրանքային էներգիայի ստացման որևէ ոլորտ։


 

Հայաստանում պետք է զարգացնել այլընտրանքային էներգիայի տեսակները. մասնագետ