Ֆինլանդացի գիտնականները պնդում են, որ դոնորությունն օգտակար է հենց դոնորներին

20:31 • 03.06.13

Ֆինլանդացի մասնագետների կատարած փորձերը վկայում են, որ պարբերաբար արյունաթողությունը օգնում է նվազեցնել սրտի նոպաների վտանգը, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև այրում է կալորիաները, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Մասնագետները պնդում են, որ կես տարին մեկ արյուն հանձնելը օգնում է ոչ միայն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն, այլ նաև հենց դոնորներին: Առաջին հերթին դա հիանալի պրոֆիլակտիկա է սրտանոթային և իմունային համակարգի հիվանդությունների համար: Ֆին գիտնականների կատարած փորձերը վկայում են, որ պարբերաբար արյուն հանձնող տղամարդկանց մոտ 88%-ով նվազում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը:


Պարբերաբար արյուն հանձնելը խոլեստերինի մակարդակը պահում է ցածրի վրա: Դրան զուգահետ դոնորությունը կալորիաներ այրելու ձևերից մեկն է: Արյունը վերականգնելու համար պահանջվում է մոտ 48 ժամ և յուրաքանչյուր 500մլ համար մոտ 650 կալորիա:


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, դոնորությամբ զբաղվող մարդիկ միջինում 5 տարի ավել են ապրում միջին վիճակագրական մարդկանցից:
 

Ֆինլանդացի գիտնականները պնդում են, որ դոնորությունն օգտակար է հենց դոնորներին