Pinterest սոցկայքը մտադիր է թույլատրել էրոտիկ լուսանկարների տեղադրումը
Միացյալ Նահանգներում հայտնի Pinterest սոցկայքը որոշել է վերանայել սահմանափակումները, որոնք կիրառվում են մերկ լուսանկարների տեղադրման դեպքում։ Միակ պահանջն այն է, որ նման պատկերը գեղարվեստական արժեք ունենա, հայտնում է hitech.vesti.ru-ն։
«Pinterest-ը ռեսուրս է, որն օգնում է մարդկանց բացահայտել իրենց հետաքրքրությունները։ Հաճախ մարդիկ տարված են արվեստով, իսկ արվեստը կարող է ներկայացվել մերկությամբ»,- հայտնել են ընկերությունից։
Ընդհանուր առմամբ, Pinterest-ի օգտատերերը, չնայած արգելքին, արդեն կայքում տեղադրել են էրոտիկ լուսանկարներ։ Այդպիսով՝ Pinterest-ի գործողությունը պարզապես պատասխանն է այն ամենի, ինչն արդեն տեղի է ունենում։
Pinterest-ը կենտրոնացած է տեսողական կոնտենտի վրա. այնտեղ կարելի է տեղադրել համացանցում հանդիպած ցանկացած պատկեր։ Այն ռեսուրսը դարձնում է գրավիչ վայր արվեստով հետաքրքրվող անձանց համար։ Այժմ կայքի առաջ խնդիր է դրված հստակորեն տարբերակել արվեստը պոռնոգրաֆիայից։










