Ուգանդայում երեխաները տառապում են յուրօրինակ հիվանդությամբ՝ նրանք անդադար գլխով են անում

22:50 • 03.06.13

Ամեն ինչ սկսվում է գլխով անելուց, որից հետո երեխան չի կարողանում կանգնել: Սկզբում առողջ երեխաների մոտ նկատվում են գլխի անկանոն շարժումներ, որից հետո առաջանում են կծկումներ, իսկ ավելի ուշ նրանք դադարում են մեծանալ և խոսել: Արդյունքում հիվանդությունը նրանց ոչնչացնում է ֆիզիկապես և մտավոր ձևով, հաղորդում է Russia Today-ի ռուսական կայքը:


Այս հիվանդությունը հանդիպում է բացառապես Արևելյան Աֆրիկայի մի մասում՝ Հարավային Սուդանի հարավում, Ուգանդայի հյուսիսում և Տանզանիայի հարավային շրջաններում: Հիվանդության զոհ են դարձել 5-15 տարեկան 3.000-ից ավել երեխա:


Այս հիվանդությամ տառապողների համար Ուգանդայում գործում է հատուկ բուժկենտրոն: Սակայն Ուգանդայի Առողջապահության նախարարությունը չի կարողանում պայքարել այս խնդրի դեմ: Երկրում ստեղծվել են կամավորների խմբեր և ձեռք են բերվել դեղամիջոցներ, որոնք դադարեցնում են կծկումները. կարծիք կա, որ այն դեպքում, եթե դադարեցվեն գլխի շարժումները, ապա հնարավոր կլինի փրկել երեխային: Սակայն նման բուժման արդյունքները հուսադրող չեն:


Այս հիվանդության առաջացման պատճառները շարունակում են անհայտ մնալ: Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնում կատարված հետազոտությունների, առավել խոցելի են համարվում աղքատ ընտանիքների երեխաները: Դրան զուգահեռ այն կախված չէ ուտելիքից կամ տարբեր մշակութային առանձնահատկություններից:


Մասնագետները նաև կասկածում են այս հիվանդության գենենտիկ բնույթի վրա, որովհետև այն չէր կարող այսքան արագ տարածվել: Ամենահավանական տարբերակն այն է, որ հիվանդությունը տարածվում է մակաբույծների միջոցով:
 

Ուգանդայում երեխաները տառապում են յուրօրինակ հիվանդությամբ՝ նրանք անդադար գլխով են անում