Բրիտանացի հնագետները գետի հատակից բրոնզեդարյա 8 նավակ են հայտնաբերել

22:44 • 04.06.13

Բրիտանիայի Փիթերբորո քաղաքի գիտնականները Նին գետի վտակներից մեկի հատակին 8 նավակներ են հայտնաբերել, որոնք գետն են իջեցվել ավելի քան 3000 տարի առաջ: Փայտյա նավակները պահպանվել են գրեթե առանց վնասվածքների, գրում է Russia Today-ը:


Հնագետները նավակներին նույնիսկ անվանումներ են տվել: Դրանցից մեկը, որը պատրաստվել է լորենու փայտից, անվանվել է «շիկահեր Դեբի», իսկ հինգերորդ գտնված նավը ստացել է «հինգերորդ հրացանակիր» անվանումը: Գիտնականների ուշադրությունն ամենից շատ գրավել է «Վիվյենը»՝ պատրաստված հացենու բարակ փայտից:

 

Նավերը միմյանցից տարբերվում են ոչ միայն իրենց երկարությամբ և նյութով, որից պատրաստվել են, այլ նաև ներքին կառուցվածքով: Նավերից որոշները մանրամասնորեն հղկված են և գրեթե ամբողջովին նոր տեսք ունեն, իսկ մյուսները, ենթադրաբար, երկար ժամանակ շահագործվել են:


Հնագույն նավերը պատկանել են որսորդների և ձկնորսների ցեղերին, ովքեր բնակվել են Փիթերբորո քաղաքի մոտակայքում: Գիտնականները կարծում են, որ նավակները պատահաբար չեն հայտնվել ջրի հատակին: Նրանք վստահեցնում են, որ հենց տերերն են իջեցրել դրանք, քանի որ նավակների վրայից հանված են եղել բրոնզե ամրակները, որպեսզի դրանք ավելի շուտ իջնեն ջրի հատակը:


Պատմաբաններն այժմ երկու վարկած են առաջ քաշում, որոնիցից մեկի համաձայն քաղաքի հնագույն բնակիչները զոհաբերություններ էին անում, ինչը հաստատում է նաև գետից հայտնաբերված այլ իրերի առկայությունը: Մյուս վարկածի համաձայն՝ ձկնորսները թաքցրել են իրենց նավակները թշնամիների հարձակումների ժամանակ, հետո պարզապես մոռացել են դուրս հանել:
 

Բրիտանացի հնագետները գետի հատակից բրոնզեդարյա 8 նավակ են հայտնաբերել