Արևի էներգիայով աշխատող շվեյցարական ինքնաթիռն ավարտել է իր երրորդ՝ Տեխասից մինչև Միսուրի թռիչքը
Solar Impulse ինքնաթիռը, որը կառուցվել է Շվեյցարիայում և աշխատում է բացառապես արևի էներգիայով, այսօր ավարտել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգից Միսուրի կատարած իր երրորդ թռիչքը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Յուրահատուկ ինքնաթիռը օդ է բարձրացել երկուշաբթի Դալլասի օդանավակայանից և հաղթահարել 900 կմ տարածք՝ օդում գտնվելով 21 ժամ: Ընդամենը 40 ձիաուժ հզորություն ունեցող օդանավի ընթացքը վերահսկել է նախագծի համահիմնադիր, շվեյցարացի հոգեբան և օդագնաց Բերտրան Պիկկարը: 1,6 տոննա կշռող մոնոպլանը շարժվում է 64 կմ/ժամ արագությամբ:
Solar Impulse-ը սկսել է թռիչքներ իրականացնել մայիսին՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքից թռչելով Ֆենիքս, ապա երրորդ վայրէջքը կատարելով Դալլասում: Մի քանի օրից ինքնաթիռը կուղևորվի Վաշինգտոն, իսկ հուլիսի 4-ին կավարտի իր պատմական առաքելությունը՝ վերջնական վայրէջք կատարելով Նյու Յորքի՝ Քենեդիի անվան օդանավակայանում: Այսպիսով, մայրցամաքի տարածքում իրականացրած թռիչքների ընդհանուր երկարությունը կկազմի 5 հազար կմ:










