Wi-Fi կապի ազդանշանները թույլ կտան մարմնի շարժումները կիրառել որպես հրահանգներ. հետազոտություն

18:48 • 05.06.13

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները նոր միջոց են հայտնաբերել՝ ճանաչելու մարդկային շարժումները և պարզելու, թե ինչպես են դրանք ազդում Wi-Fi կապի ազդանշանների վրա, գրում է BBC-ն՝ վկայակոչելով համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի գիտնականներին:

 

Նրանց կարծիքով՝ այդ հայտնագործությունը թույլ կտա անլար կապի օգտատերերին կենցաղային տեխնիկան կառավարել ձեռքի շարժումով՝ գտնվելով տան ցանկացած մասում: Օրինակ՝ օդում ձեռքի մի շարժումով օգտատերը կարող է վերահսկել երաժշտության ձայնը, փոխել երգը կամ միացնել ջեռուցման համակարգը՝ գտնվելով մեկ այլ սենյակում, հայտնում են հետազոտության հեղինակները: 

 

Հատուկ ծրագիր կիրառելով՝ համակարգչային գիտության մասնագետները հայտնում են, որ իրենց հաջողվել է առանձնացնել 9 տարբեր շարժումներ, որոնց հիման վրա կարելի է զարգացնել համապատասխան հրահանգները: Գիտնականները փորձն իրականացրել են գրասենյակներում և բնակարաններում: Ըստ հետազոտության արդյունքների՝ նորաստեղծ համակարգը կարողացել է ճշգրիտ տարբերակել 900 շարժումից 846-ը՝ տալով 94 տոկոսանոց արդյունք:

 

Գիտնականները պնդում են, որ սա կարող է դառնալ «ավելի պարզ և էժան տարբերակ», քան Microsoft-ի տեսախցիկի հիման վրա աշխատող Kinect համակարգն է կամ այլ սենսորային համակարգեր: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ վստահ չեն, որ այս տեխնոլոգիան նույնքան հստակ կաշխատի:
 

Wi-Fi կապի ազդանշանները թույլ կտան մարմնի շարժումները կիրառել որպես հրահանգներ. հետազոտություն