Պետք է ոչ միայն պաշտպանել մարդկանց օձերից, այլև օձերին՝ մարդկանցից. օձագետ

20:19 • 05.06.13

լուսանկարը՝ 168.am-ի

 

Պետք է ոչ միայն մարդկանց պաշտպանել օձերից, այլև՝ օձերին մարդկանցից, մանավանդ, որ հայտնաբերվող դեպքերից շատերում խոսքը Կարմիր գրքում գրանցված օձերի մասին է, որոնց ոչնչացնելը հանցագործություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Էկզոտարիում» ընկերության տնօրեն, Երևանի կենդանաբանական այգու ակվատերարիումի բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանը:


«Կարդում ես՝ «տեղափոխվել է անվտանգ վայր»: Ո՞ւմ հետ է համաձայնեցված ընդհանրապես, էդ «ապահով տեղ» կոչվածը: Միգուցե մի վայրից մի ուրիշ տեղ են տեղափոխում ու բա՞ց թողնում: Ո՞րն է այդ անվնաս վայրը, ի՞նչ է նշանակում այս գործողությունը՝ սատկացրեցին, գցեցին, ի՞նչ արին, ապագան հայտնի չէ: Ոչ գրում են՝ օձի ի՞նչ տեսակ է եղել, թունավո՞ր է եղել, սահանո՞ց եղել, մենակ գրվում է «օձ»:


Օձագետը կրկին նշեց, որ բնապահպանական տեսանկյունից այս գործողություններից շատերը կարող են դիտվել որպես հանցագործություն. Կարմիր գրքում գրանցված օձերին ոչնչացնելու համար խիստ պատժատեսակներ են նախատեսվում:

 

Թեև օձաբանը հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների մեծ մասին ինքն է օձ բռնել սովորեցրել, այսուհանդերձ նրանք մասնագետներ չեն,  և բնապահպանները պետք է հոգան, որ Կարմիր գրքում գրանցված օձի տեսակները չոչնչացվեն:


«Բնական է՝ մարդիկ պետք է պաշտպանված լինեն, բայց սա չի նշանակում, որ բոլոր օձերին պետք է սատկացնել: Հենց հանդիպում են, առաջին ռեակցիան այն է, որ սատկացնեն, ու ասեմ, որ մենակ օձերին չեն սատկացնում, հայերը ինչ կենդանի տեսնում են՝ սատկացնում են»,-ասաց Կարեն Մարտիրոսյանն ու ավելացրեց. «Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները. սխալ բաներ են տեղի ունենում, մեկը վնասազերծում է, մյուսը՝ պաշտպանում է, հիմա ո՞ր մեկն է ճիշտ, երկուսն էլ պետական նախարարություններ են»:


Ըստ Կարեն Մարտիրոսյանի ՝ այս երկու գերատեսչությունների աշխատանքը պետք է լինի համակարգված:

 

Նշենք, որ այս տարի բավական շատ են դեպքերը, երբ բնակելի տների ծխատարներում, անգամ մանկապարտեզներում հայտնաբերվում են օձեր:


Ըստ օձագետի, սա նորմալ է, և նա առաջարկում է չմոռանալ, թե ինչ դիրքի՝ ձորերի ու ժայռերի վրա է կառուցված Երևանը:
«Այստեղ օձերը միշտ բնակվել են, բազմացել, և անգամ կան օձերի տեսակներ, որոնք դարձել են քաղաքային տեսակներ: Օրինակ՝ կապարագույն սահանոցը, որը թունավոր չէ, կարմրափոր սահանոցը»,-ասաց օձերի մասնագետը:


Իսկ վերջին շրջանում օձերի ակտիվացման պատճառը, ըստ Կարեն Մարտիրոսյանի, մայրաքաղաքում ծայր առած համատարած շինարարությունն է. օձերի բնակավայրը քանդվում է, և ստացվում է, որ մարդն ու օձը ավելի հաճախ են հանդիպում:


Օձ տեսնելիս մասնագետը խորհուրդ է տալիս օձին ձեռք չտալ, չբռնել՝ հաշվի առնելով, որ այն այնուամենայնիվ կարող է թունավոր լինել:
 

Պետք է ոչ միայն պաշտպանել մարդկանց օձերից, այլև օձերին՝ մարդկանցից. օձագետ