Apple ընկերությունն անակնկալ է պատրաստում. նոր iPhone-ը կարող է ներկայացվել այսօր
Ամերիկյան Apple ընկերության մշակողների սպասված ժողովը նշանակված է այսօր, Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ), հայտնում է Russia Today-ը։ Ամենալավատես երկրպագուները հայտնի սմարթֆոնի հերթական տարբերակի ներկայացմանը սպասում են այսօր։
Նոր iPhone 5S, թարմացված օպերացիոն համակարգ, անվճար iRadio ծառայություն. այս ամենը, ըստ լուրերի, կարող է հայտնվել ընկերության մշակողների ժողովից հետո։ Սակայն եթե նոր սարքը ներկայացվի այսօր, ապա խանութներում այն կհայտնվի սեպտեմբերից ոչ շուտ։ Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ վաճառքի կհանվեն էժան iPad Mini-ները՝ 230 դոլարով՝ ներկայիս 329 դոլարի դիմաց։
Ինչ վերաբերում է iRadio-ին, ապա դրա ներկայացման համար բազմաթիվ նախանշաններ կան։ Այս շաբաթ կորպորացիան պայմանագրեր է կնքել 3 ամենախոշոր երաժշտական ընկերությունների հետ՝ Sony, Universal, Warner Music:
Իր ելույթում ընկերության ղեկավար Թիմ Կուկը կարող է հայտարարել Mac OS X 10.9 օպերացիոն համակարգի մասին։
Փորձագետները վստահ են, որ այժմ իսկական ժամանակն է նոութբուքերի շարքը թարմացնելու համար, հնարավոր է՝ MacBook Pro-ն։ Այս մոդելը կարող է ստանալ նոր Intel պրոցեսոր և կատարելագործված Wi-Fi չիփ։










