Բադի գենոմը թռչնի գրիպի դեմ պայքարում նոր ճանապարհներ կմատնանշի
Վերջերս Գյուղատնտեսության չինական ինստիտուտի (China Agricultural University), Գենոմի ուսումնասիրման պեկինյան ինստիտուտի (BGI), Էդինբուրգյան համալսարանի և այլ գիտական կենտրոնների գիտնականներն ավարտել են բադի գենոմի ապակոդավորումը և վերլուծումը, հաղորդում է Вести.ru-ն:
Բադը համարվում է A խմբի թռչնի գրիպի բնական կրող, որի համաճարակը 2013թ. փետրվարին գրանցվել է Չինաստանում: Որպեսզի պարզվի բադի օրգանիզմի և վիրուսի միջև առկա կապը, գիտնականներն ապակոդավորել են 10 շաբաթական էգ բադի գենոմը: Դրան զուգահեռ գիտնականները հետազոտել են վիրուսով վարակված 2 այլ բադերի: Առաջնային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ բադի ԴՆԹ-ն պարունակում է «իմունային» գեներ, որոնք պաշտպանում են վարակներից:
Հետազոտողները նաև լաբորատոր փորձեր են իրականացրել, որոնց ընթացքում պարզել են բադի դիմադրողականության համակարգի վրա ազդող հավանական գործոնները: Ըստ գիտնականների՝ այս վերլուծությունների արդյունքները մեծ դեր կարող են խաղալ տվյալ տեսակի թռչնի գրիպի դեմ պայքարում:
Վերլուծությանը հնարավոր է ծանոթանալ Nature Genetics ամսագրում:










