Facebook-ը զիջել է ամենաարագ զարգացող տեխնոհսկայի կոչումը մեկ այլ սոցկայքի

10:15 • 10.06.13

Հեղինակավոր Forbes հանդեսի հաշվարկների համաձայն` աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ը զիջել է ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ընկերության դիրքը LinkedIn գործարար սոցկայքին։

 

Ինչպես նշում է Корреспондент-ը, Forbes-ի մասնագետներն ուսումնասիրել են 2.100 հազար hi-tech ընկերություն, որոնց նվազագույն եկամուտը 150 մլն դոլար է, իսկ կապիտալիզացիան էլ սկսվում է կես միլիարդ դոլարից։ Բացի այդ, մասնագետները հաշվի են առել այն հանգամանքը, որ այդ ընկերություններն անցած 3 տարվա ընթացքում շահույթի տարեկան 10% աճ են արձանագրել, ինչպես նաև 10%-ի աճ ՝անցած 12 ամիսների ընթացքում։ Մասնագետները  կարևորել են նաև կայուն զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս եկող 3-5 տարիների համար եկամուտների նվազագույնը 10% աճ կանխատեսել։

 

Արդյունքում LinkedIn-ը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ անցած 3 տարվա ընթացքում արձանագրելով եկամտի միջինը 102% աճ։ 2-րդ հորիզոնականում է հայտնվել Facebook-ը (87%), 3-րդում՝ Apple-ը (55%), իսկ Google-ը, հայտնվել է միայն 17-րդ հորիզոնականում (29%)։ 

 

LinkedIn–ը պրոֆեսիոնալների համար նախատեսված սոցկայք է, որը ներկայացվել  է 2003թ.։ Այս տարվա հունվարին դրա օգտատերերի թիվն անցել է 200 մլն-ը։ LinkedIn-ից օգտվում են աշխարհի 200 երկրներում, սակայն օգտատերերի մեծ մասն ամերիկացիներ են։
 

Facebook-ը զիջել է ամենաարագ զարգացող տեխնոհսկայի կոչումը մեկ այլ սոցկայքի