Հնդկաստանը ռոբոտ-զինվորներ կարտադրի
Հնդկաստանում մի քանի լաբորատորիաներ փորձում են ստեղծել ինտելեկտի բարձր մակարդակով ռազմական ռոբոտներ, որոնք կօգտագործվեն Պակիստանի հետ սահմանին առկա անհանգիստ շրջաններում, հաղորդում է Russia Today-ը:
Ռազմական ռոբոտների ստեղծմամբ զբաղվում է Հնդկաստանի պաշտպանական սարքավորումների և հետազոտությունների կազմակերպությունը (DRDO), հաղորդում է PTI գործակալությունը:
«Դա նոր ծրագիր է, և մի շարք լաբորատորիաներ լայնածավալ աշխատանքներ են տանում ռոբոտատեխնիկայի ոլորտում»,-հայտարարել է DRDO-ի ղեկավար Այնաշ Չանդերը:
Ըստ տեխնիկական նկարագրի, ռազմական ռոբոտները պետք է տարբերեն «բարեկամներին» և «թշնամիներին», կարողանան մարտի դաշտում համագործակցել այլ տեսակի տեխնիկայի հետ և պետք է կատարեն շտաբի բոլոր հրահանգները: Սկզբնական շրջանում ռոբոտները պետք է օժանդակող դեր կատարեն, սակայն հետագայում նրանց հնարավորությունների շրջանակը կընդլայնվի:
Ռազմական ռոբոտների ստեղծումը կապված է նրա հետ, որ ապագայում ցամաքում և օդում կռիվները պետք է ընթանան առանց մարդկանց մասնակցության, գտնում են DRDO-ում: Դրա համար Հնդկաստանին անհրաժեշտ է որակապես նոր սպառազինություն:










