Գիտնականները 30 տարուց «հարություն» կտան մամոնտներին
Գենետիկները վստահ են, որ իրենց կհաջողվի վերակենդանացնել մամոնտներին, հայտնում է RBK-ն: Կանադական Մաքմասթերի համալսարանի կենսաբան-մարդաբան Հենդրիկ Պոյնարի կարծիքով՝ անցյալի հսկաներին բնություն վերադարձնել հնարավոր կլինի 30-50 տարի անց:
Ըստ գիտնականի՝ այժմ գրեթե ավարտված է աշխատանքը մամոնտի «գենետիկ քարտեզի» վրա: Իսկ մամոնտ «ստանալու» համար Հարվարդի համալսարանի գիտնականները պետք է փոփոխություններ կատարեն ասիական փղի քրոմոսոմի մեջ:
Ըստ գիտնականների՝ մինչև 5,5 մ հասակով, 10-12 տոննա քաշով, 10 հազար տարի առաջ վերացած կենդանու վերստեղծումը կօգնի հասկանալ ոչնչացման պատճառները: Սա իր հերթին կօգնի կանխել ժամանակակից կենդանիների ոչնչացումը:
Կանադացի գիտնականը կարծիք է հայտնել, որ էկոհամակարգի երբեմնի կարևոր տարր մամոնտներին կարելի է բնակեցնել Սիբիրում:










