Չինաստանը տիեզերանավ է արձակել
Չինաստանն այսօր իրականացրել է «Շենչժոու-10» տիեզերանավի արձակումը, որի անձնակազմը բաղկացած է 3 մարդուց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Շենչժոու 10»-ն արձակվել է տեղական ժամանակով 17։38-ին՝ Ցզյուցյուան տիեզերակայանից։
Անձնակազմի անդամներից երկուսը տղամարդ են (Նե Հայշեն և Չժան Սյաոգուան) և մեկը կին (Վան Յապին)։
Նախօրեին Չինաստանի տիեզերական թռիչքների ծրագրի ղեկավար Ու Պինն ասել էր, որ տիեզերանավը տիեզերքում կմնա 15 օր։
Տիեզերքը բացահայտելու Չինաստանի ծրագիրը մեկնարկել է 1956թ.-ի հոկտեմբերի 8-ին։ 1970թ.-ի ապրիլին ՉԺՀ-ն տիեզերք է ուղարկել առաջին արհեստական արբանյակը՝ «Դունֆանհուն 1»-ը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախատեսում է մինչև 2020թ. տիեզերքում ունենալ սեփական տիեզերակայանը և ստեղծել տիեզերական լաբորատորիա։










