Facebook-ի բաժնետերերը քննադատել են Ցուկերբերգին
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բաժնետերերի ամենամյա առաջին ժողովի ընթացքում խիստ քննադատության է ենթարկվել, գրում է gazeta.ru-ն՝ The Financial Times-ին հղումով։
Հանդիպման մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել ընկերության բաժնետոմսերի գնի նվազման կապակցությամբ։ Պարբերականը հիշեցնում է, որ արժեթղթերի ներկայիս արժեքը 40%-ով ցածր է թողարկման ժամանակվա գնից։
Facebook-ը հրաժարվել է բաժնետերերին որոշակի խորհուրդներ տալ կամ կանխատեսումներ անել։ Նրանք հայտարարել են, որ իրենց ուշադրությունը նախևառաջ կենտրոնացած է երկարաժամկետ նպատակների վրա։ «Ցավոք, մենք չենք կարող վերահսկել բաժնետոմսերի գինը, հատկապես՝ կարճաժամկետ հեռանկարում։ Մենք բոլորս հիասթափված ենք արդյունքներից»,-ասել է Ցուկերբերգը։
Բացի այդ, բաժնետերերը հետաքրքրվել են, թե արդյոք Facebook-ը մտադի՞ր է հեռախոսային կենտրոն բացել տարեց օգտատերերի համար, և ընկերությունը հրապարակելո՞ւ է ամենամյա եկամուտների ու շահույթի վերաբերյալ կանխատեսում։ Այդ երկու հարցերն էլ բացասական պատասխան են ստացել։










