Սինգապուրի գիտնականները ստեղծել են «անտեսանելի թիկնոցի» կատարելագործված տարբերակը (տեսանյութ)
Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հանրությանն են ներկայացրել իրենց վերջին գյուտը՝ «անտեսանելի թիկնոց», որը թույլ է տալիս ակվարիումում գտնվող ոսկե ձկնիկին ու կատվին անհետանալ։
Ինչպես նշում է newsru.com կայքը, այս տեխնոլոգիան դեռևս մշակվելու տեղ ունի, սակայն այն շատ կարևոր ձեռքբերում է գիտության այս ոլորտում։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ջրի մեջ իջեցված «թիկնոցից» հանկարծակի ձկնիկ դուրս լողում, իսկ տեսանյութի մյուս մասում անհետանում է կատվի մարմնի մի հատվածը։
«Թիկնոցը» ստեղծված է բարակ ապակյա պանելների հիման վրա, որոնք օբյեկտներն անտեսանելի են դարձնում լույսի բեկման առանձնահատկությունների շնորհիվ։ Թեև թիկնոցն անհետացնում է իրերը միայն որոշակի անկյան տակ, այնուհանդերձ այն ավելի կատարյալ է, քան նախկինում ստեղծված «անտեսանելի թիկնոցները», որոնք աշխատում են բևեռացված լույսով կամ էլ միկրոալիքներով։
Գիտնականների կարծիքով՝ նոր տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել անվտանգության ոլորտում կամ էլ գաղտնի հետևելու համար։ Առաջին անգամ անտեսանելի թիկնոցի տեխնոլոգիան մշակվել է 2006թ., Լոնդոնի կայսերական քոլեջում։










