Kaspersky Lab-ը հրապարակել է կիբեռհանցագործների համար ամենախոցելի երկրների ցանկը. Հայաստանը 4-րդն է

12:12 • 13.06.13

Համակարգչային վիրուսներից, սփամերից ու հաքերային հարձակումներից պաշտպանող միջոցների մշակմամբ զբաղվող հանրահայտ Kaspersky Lab լաբորատորիան, հիմնվելով 2012թ. տվյալների վրա, կազմել է հաքերային հարձակումների նկատմամբ 20 ամենախոցելի երկրների ցանկը։

 

Թեև Չինաստանն ու ԱՄՆ-ն գերիշխում են հաքերայի հարձակումների հարցում, սակայն առցանց հարձակումների նկատմամբ ամենախոցելին զարգացող երկրներն են։

 

Ինչպես նշում է Bloomberg-ը, հարձակման թիրախ ընտրելու հարցում կիբեռհանցագործները, սովորաբար, գնում են այնտեղ, որտեղ պաշտպանական համակարգը թույլ է։ Եվ զարգացող շուկաները հիանալի հնարավորություն են ընձեռում՝ տարեցտարի ավելացող միլիոնավոր նոր օգտատերերով ու պաշտպանական քիչ ռեսուրսներով։

 

Kaspersky Lab-ի ցուցակում ներառված է նաև մեր երկիրը, որը գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Ընկերության մասնագետները հաշվարկել են, որ հայ օգտատերերի 56%-ը ենթարկվել է առցանց հարձակման։ Իսկ հարևան Ադրբեջանը եզրափակում է լավագույն եռյակը, քանի որ անցած տարի երկրի բնակչության 57%-ն է ենթարկվել կիբեռհարձակումների։

Ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակի առաջատարին, ապա դա Ռուսաստանն է, որի բնակչության 59%-ը 2012թ. ենթարկվել է կիբեռհարձակումների։

 

Ստորև ներկայացնում ենք անցած 2012թ. ընթացքում կիբեռհարձակումների ամենաբարձր մակարդակն ունեցած երկրները.
1.Ռուսաստան
2.Տաջիկստան
3.Ադրբեջան
4.Հայաստան
5.Ղազախստան
6.Բելառուս
7.Բանգլադեշ
8.Շրի Լանկա
9.Հնդկաստան
10.Սուդան
11.Թուրքմենստան
12.Օման
13.Ուզբեկստան
14.Մալայզիա
15.Մոլդովա
16.Մալդիվներ
17.Ուկրաինա
18.Իտալիա
19.ԱՄՆ
20.Իսպանիա։
 

Kaspersky Lab-ը հրապարակել է կիբեռհանցագործների համար ամենախոցելի երկրների ցանկը. Հայաստանը 4-րդն է