IBM ընկերությունը 2 օրում 1300 աշխատակցի է աշխատանքից ազատել
Ամերիկյան IBM համակարգչային հսկան վերջին 2 օրվա ընթացքում կրճատել է իր անձնակազմի թիվն ԱՄՆ-ում առնվազն 1300 աշխատակցով, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։
Ընկերությունը մոտ 222 մարդու է աշխատանքից ազատել ծրագրային ապահովման վաճառքի ոլորտում և ևս 165 մարդու՝ կիսահաղորդիչների մշակման համար պատասխանատու ենթաբաժնում։ Ընդհանուր առմամբ, կրճատումներն առնչվել են գրեթե բոլոր ենթաբաժիններին։
Աշխատատեղերի կրճատումներն անցկացվում են վերակազմավորման ծրագրի շրջանակներում, որը հայտարարվել էր ապրիլին։ Ընկերությունը պատրաստվում է հեռացնել ոչ միայն շարքային աշխատողների մի մասին, այլև ղեկավարության անդամներին։ IBM-ի վերակազմավորումը, ներառյալ՝ կրճատումների ծախսերը, ընկերությանը կարժենա մոտ 1 մլն դոլար։










