Ճապոնիայի ոստիկանությունը խորհուրդ կտա իր աշխատակիցներին մասնակցել հաքերների մրցույթներին
Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալությունը խորհուրդ կտա իր աշխատակիցներին մասնակցել հաքերների մրցույթներին, որոնք սկսել են անցկացվել այս տարվանից, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ցույոսի Յոնեդային։
«Մենք խորհուրդ կտանք մեր աշխատակիցներին մասնակցել նման մրցույթների»,- ասել է Ճապոնիայի ոստիկանության ղեկավարը՝ նշելով, որ իրավապահ մարմինների համագործակցությունը բնակչության հետ այս ոլորտում կիբեռանվտանգության ապահովման գրավականն է։
Ժամանակակից աշխարհում, որտեղ թվային տեխնոլոգիաները զարգանում են անասելի արագությամբ, այս ոլորտում փորձի փոխանակումը կարող է ցանկալի արդյունքների հանգեցնել էլեկտրոնային հանցագործությունների դեմ պայքարում, որոնց մեծացումը վերջին տարիներին լուրջ անհանգստություն է առաջացնում Ճապոնիայում։
Այս տարվա փետրվարին Ճապոնիայում առաջին անգամ անցկացվել է հաքերների համազգային մրցույթ, որին մասնակցել են երիտասարդներ ամբողջ երկրից։ Ոստիկանությունը դեռևս այն ժամանակ նշել է, որ չի բացառում մրցույթի մասնակիցներից որևէ մեկին աշխատանքի ընդունելու հնարավորությունը։










