Վիրտուալ համբույրներ Burberry-ից ու Google-ից. ընկերությունները ներկայացրել են բացառիկ առցանց ծառայություն (տեսանյութ)
Ամերիկյան հանրահայտ Google որոնողական համակարգն ու բրիտանական լյուքս դասի Burberry ընկերությունը միավորվել են հատուկ նոր առցանց ծառայության ստեղծման շուրջ, գրում է LuxPlanet-ը։ Burberry Kisses անվանումը ստացած ծառայությունը հնարավորություն է տալիս համակարգչային սարքերի օգտատերերին վիրտուալ համբույրներ ուղարկել ամբողջ աշխարհով մեկ։
Երկու ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ այս կերպ իրենք ցանկանում են փոքր-ինչ ջերմություն հաղորդել համակարգչային «սառը» տեխնոլոգիաներին։
Ծառայությունից օգտվելու համար նախևառաջ հարկավոր է մտնել kisses.burberry.com կայք, որտեղ Ձեզ կառաջարկվի համբուրել համակարգչի կամ նոութբուքի վեբ տեսախցիկը։ Այնուհետև հատուկ ծրագիրը թվայնացնում է շուրթերի ուրվագիծն ու թողնում դրանց հետքը վիրտուալ ծրարի վրա, որն էլ հնարավոր է ուղարկել Google+ կամ ցանկացած այլ սոցկայքի Ձեր ընկերներին։
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև սենսորային էկրանով սմարթֆոններով, սակայն դրանց դեպքում հարկավոր է համբուրել անմիջապես հեռախոսի էկրանը։
Համբույրն առավել տպավորիչ դարձնելու համար հարկավոր է շատ ուժեղ հպվել տեսախցիկին, իսկ շրթներկի գույնը կարելի է ընտրել։ Բացի այդ, վիրտուալ համբույրին հնարավոր է տեքստային հաղորդագրություն կցել։
Իսկ Google Earth և Street View ծառայությունների միջոցով էլ կարելի է տեսնել, թե ինչպես է համբույրով ծրարն աշխարհի այս կամ այն անկյուն թռչում։










