Ամերիկյան իշխանությունները BMW ընկերությանը մեղադրել են ռասիզմի համար

18:40 • 14.06.13

BMW ընկերությունն ԱՄՆ-ում հայտնվել է սկանդալի կենտրոնում. իշխանությունները մեղադրում են ընկերության ամերիկյան ներկայացուցչության ղեկավարությանը 88 հմուտ մասնագետների հեռացնելու համար, որոնց մեծամասնությունն աֆրոամերիկացիներ են։ Ընկերության ղեկավարությունը հայտնում է, որ պատրաստ է իր իրավացիությունն ապացուցել դատարանում, գրում է Russia Today-ը։

 

ԱՄՆ-ում աշխատանքի ընդունման ժամանակ իրավահավասարության պահպանման հարցով հանձնաժողովը (EEOC) հայց է ներկայացրել BMW ընկերության դեմ։ Նրա տվյալներով՝ ընկերությունը պայմանագրով աշխատել է լոգիստական UTi ընկերության հետ, որի աշխատակիցներն աշխատել են Սպարտանբերգ քաղաքում (Հարավային Կարոլինա նահանգ) գտնվող BMW-ի գործարանում մինչ 2008-ին պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը։ Դրանից հետո BMW-ն պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ, իսկ նախկին աշխատողներին առաջարկել է շարունակել աշխատանքը գործարանում։

 

Սակայն պարզվել է, որ 645 մարդուց 88-ը, որոնք պետք է մնային գործարանում, զրկվել են աշխատանքից, ընդ որում՝ այդ 88-ից 70-ն ունեցել են մաշկի մուգ գույն։

Ամերիկյան մասնաճյուղը ստուգում է իր աշխատակիցների անցյալը, իսկ հայտնաբերված հանցագործությունները չեն տարբերակվում ըստ ծանրության աստիճանի, ընդ որում՝ աշխատակցի տարիքը հանցագործությունը կատարելու պահին նույնպես հաշվի չի առնվում։

 

EEOC-ի ներկայացուցիչների խոսքով՝ նման քաղաքականությունը խտրականություն է, քանի որ ԱՄՆ-ում աֆրո- և լատինամերիկացիները հաճախ են դառնում քրեական գործերի մասնակիցներ և հայտնվում բանտում։

 

Իշխանությունների կարծիքով՝ BMW-ի կադրային քաղաքականությունը խախտում է քաղաքացիական իրավունքների մասին օրենքը, ստուգումն անհամաչափորեն առանձնացրել է աֆրոամերիկացիներին մաշկի այլ գույն ունեցողների ֆոնին։

 

 

Ամերիկյան իշխանությունները BMW ընկերությանը մեղադրել են ռասիզմի համար