Ռուսաստանցի մասնագետների նախագիծը կլուծի նավիգացիոն համակարգի խնդիրը մոտոցիկլավարների համար
Ռուսաստանցի ծրագրավորողների նոր նախագիծը թույլ կտա լուծել նավիգացիոն համակարգի խնդիրը մոտոցիկլավարների համար: Քանի որ մոտոցիկլավարները չեն կարող օգտվել էկրանային քարտեզից ընթացքի ժամանակ, LiveMap ընկերության մասնագետները որոշել են ներկառուցել այն մոտոցիկլիստի սաղավարտի մեջ, գրում է Russia Today-ը:
Նոր հարմարանքի գործառույթները նման են Google-ի ինտերակտիվ ակնոցի հնարավորություններին: Սաղավարտը կարող է էկրանին ցույցադրել կիսաթափանցիկ պատկեր, այն ունի թվային կողմնացույց, սենսոր, գունային համակարգի կարգավորիչ և ականջակալներ: Սաղավարտի հիմնական առավելությունը նավիգացիոն համակարգն է. քարտեզը գտնվելու է մոտոցիկլավարի աչքի առաջ՝ միաժամանակ չշեղելով նրա ուշադրությունը:
Մասնագետները արդեն հինգ տարի աշխատում են այս նախագծի վրա: Նախքան վաճառքի հանվելը սաղավարտը պետք է անցնի մի շարք փորձարկումներ: Ակնկալվում է, որ այն ամբողջովին պատրաստ կլինի 2014-ի վերջին, իսկ սաղավարտի արժեքը կկազմի 2000 դոլար:










