4 կին, 4 տղամարդ. ընտրվել են Կարմիր մոլորակի ապագա «հյուրերը»

13:53 • 18.06.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետներն ընտրել են 8 ամերիկացու, որոնք 2020թ. կկարողանան առաջին առաքելությամբ դեպի Կարմիր մոլորակ ուղևորվել, հայտնում է Взгляд-ը։

 

Ընտրված 8 երջանիկների թվում կա 4 կին, 4 տղամարդ, ինչը ցույց է տալիս, որ ՆԱՍԱ-ն գենդերային խտրականություն չի դրսևորել։ Մասնակիցները մեկուկես տարվա ընթացքում անցել են մի շարք չափազանց բարդ թեստեր, հոգեբանական ու ֆիզիկական փորձություններ, ինչպես նաև բժշկական ստուգումներ։ Հարկ է նշել, որ մեկ ազատ տեղի համար դիմել է 780 մարդ։

 

Այժմ ընտրյալները պետք է օգոստոսից սկսած մանրակրկիտ պատրաստվեն ամերիկացի տիեզերագնացների մարզումների համար նախատեսված կենտրոնում, որը գտնվում է Հյուսթոնում։ Բացի այդ, հատուկ թրեյնինգներ ու սեմինարներ կանցկացվեն աշխարհի տարբեր անկյուններում։ Ամեն ինչ բարեհաջող անցնելու դեպքում 8 հոգին կմիանա ՆԱՍԱ-ի փորձառու 48 տիեզերագնացներին։

 

Մասնակիցների կենսագրությունը վկայում է, որ դեպի Կարմիր մոլորակ ուղևորության համար ընտրվել են լավագույններից լավագույնները։ Նրանց շարքերում են բժշկական գիտությունների դոկտոր, 4 փորձարկիչ օդաչու, զինվորականներ ու գիտնականներ։ Բոլոր թեկնածուները գտնվում են ուժերի ծաղկուն շրջանում՝ 34-39 տարեկան։ ԶԼՄ-ների ունեցած տվյալների համաձայն՝ ապագա տիեզերագնացների աշխատավարձն ուսանելու ընթացքում կկազմի տարեկան 60-140 հազար դոլար։