Facebook սոցկայքի գովազդատուների թիվը հասել է 1 միլիոնի
Facebook սոցկայքը հայտնել է, որ ակտիվ գովազդատուների թիվը, որոնք օգտագործում են կայքը 28 օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ամբողջ աշխարհում հասել է 1 մլն-ի։ Ընկերությունում նշում են, որ այժմ կայքի գովազդատուների ճնշող մեծամասնությունն արևմտյան փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են, գրում է vestifinance.ru-ն։
Ընկերությունը նախատեսում է ընդլայնել գովազդատուների ցանցը նաև փոքր տեղական ընկերությունների միջոցով, որոնք զբաղվում են տարբեր ապրանքների վաճառքով՝ ոսկերչական զարդերից մինչև հագուստ։
Հայտնի չէ, թե հատկապես որքան գումար է ծախսում յուրաքանչյուր գովազդատու սոցկայքում առաջխաղացման համար, սակայն, ըստ eMarketer-ի տվյալների, 2012թ. ԱՄՆ-ում առցանց գովազդի ծախսերը կազմել են մոտ 32 մլրդ դոլար։
«Facebook-ում գործատուների մեծ մասը սկսել են որպես հասարակ օգտատերեր, այնուհետև ստեղծել են իրենց ընկերությունների էջերը, իսկ հետո դարձել գովազդատուներ»,- ասում է Facebook-ի փոքր բիզնեսի գծով տնօրեն Դեն Լևինը։
Նրա խոսքով՝ այժմ, այսպես կոչված, գովազդային աքաունթները կազմում են Facebook-ի եկամտի 85%-ը։
Նախորդ եռամսյակում ընկերությունը հայտնել էր 1.46 մլրդ դոլար եկամտի մասին։ Գովազդից ստացված եկամուտներն աճել են 43%-ով։










