Facebook-ի աշխատակիցները դժգոհում են աշխատանքից. շատ սնունդ, քիչ ժողովներ, ստիպում են լինել «այնպիսին, ինչպիսին կան»

19:09 • 19.06.13

Աշխարհի ամենախոշոր սոցկայքի աշխատակիցները կարծում են, որ աշխատում են անթույլատրելի պայմաններում, գրում է hitech.newsru.com-ն։

Նրանց, որքան էլ տարօրինակ է, նյարդայնացնում է անվճար սննդի առատությունը, կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի չափազանց մեծ վստահությունը աշխատակիցների հանդեպ և ազատությունը, որը նրանց տրվում է։


Իրենց բողոքներով նրանք կիսվել են Quora ծառայության էջում, որտեղ օգտատերերը հարցերի միջոցով գիտելիքներ են փոխանակում այս կամ այն թեմայի շուրջ։ Հարցը եղել է հետևյալը՝ «Վատագույնը, ինչի հետ դուք բախվել եք Facebook-ում աշխատելու ժամանակ»։


Ամենահայտնի պատասխաններից մեկը վերաբերել է սննդին, որն ապահովում է ընկերությունը։ Պարզվել է, որ աշխատակիցներին դուր չի գալիս նաև այն, որ աշխատավայրում չկան վարքականոններ։ «Բոլորին խորհուրդ է տրվում պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կան»,- գրել է անանուն օգտատերը։

 

Ի տարբերություն աշխատակիցների ոչ պաշտոնական հանդիպումների՝ գործնական հանդիպումները հազվադեպ են լինում։ Նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ Մարկ Ցուկերբերգը չափազանց շատ է միջամտում աշխատանքին։ «Նա պետք է շփվի վերլուծաբանների հետ, ներդրողների հետ, այլ ոչ թե խառնվի անձնակազմի գործերին»,- կարծում է նա։

 

Աշխատակիցների կարծիքով՝ սխալ է նաև, երբ յուրաքանչյուր աշխատակից կարող է ինքնուրույն որոշում կայացնել՝ առանց խորհրդակցելու ղեկավարության հետ։