Այսօր Լուսինը առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ

14:16 • 23.06.13

Գրինվիչի ժամանակով 11:32, այսինքն՝ Երևանի ժամանակով 15:32-ին Երկիր մոլորակի միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։


Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:


Այս դիրքում, որ Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կկազմի 356 991 կմ, իսկ երկու շաբաթ անց` հուլիսի 7-ին, Լուսինը երկրից կհեռանա 406 490 կմ-ով` հասնելով իր ապոգեոսին (երկրահեռ կետ կամ հեռերկիր):


Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 16%-ով, իսկ պայծառությունը` 30%-ով ավելի մեծ են:


Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է:
Հաջորդ անգամ նման երևույթ կդիտվի 2014թ. օգոստոսի 10-ին:


 

 

Այսօր Լուսինը առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ