Nokia-ն ներկայացրել է Joblens բջջային հավելվածը՝ աշխատանք որոնողների համար
Nokia ընկերությունը ներկայացրել է Joblens բջջային հավելվածը, որը նախատեսված է աշխատանք որոնողների համար, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Next Web-ին:
Հավելվածի օգտատերը քաղաքում զբոսնելիս ստանում է ազդանշան, եթե հեռախոսի տեսադաշտում կան աշխատատեղ ունեցող գրասենյակներ: Հեռախոսի ֆոտոխցիկը դեպի այդ շենքն ուղղելով՝ էկրանին կհայտնի համապատասխան զգուշացումը: Այս ծրագրի միջոցով աշխատանք որոնողը կկարողանա իմանալ, թե շրջակայքի որ գրասենյակներին է պետք իր ոլորտի մասնագետներ:
JobLens-ը տեղեկություններ է ստանում այլ կայքերից, որոնց թվում են Indeed-ը և Salary.com-ը: Օգնություն առաջարկելիս հավելվածը օգտվում է նաև Facebook-ից և LinkedIn-ից:
Ծրագրի միջոցով նաև հնարավոր կլինի կազմել ռեզյումե և դիմել դուր եկած աշխատանքի համար:
Ծրագիրը հասանելի է միայն Lumia սմարթֆոնների համար, որոնք հիմնված են Windows Phone 8 օպերացիոն համակարգի վրա: Ներկայում այն միայն աշխատում է Կանադայում և ԱՄՆ-ում, սակայն Nokia-ն ցանկանում է այն գործարկել նաև այլ երկրներում:










