Ամերիկացին Hyundai ընկերությունից 14 մլն դոլար կստանա անսարք անվտանգության բարձիկի համար
ԱՄՆ-ում դատարանը կանգնել է հայցվորի կողմը և ստիպել Hyundai Motor ընկերությանը Զաքարի Դունկանին և նրա ընտանիքին վճարել 14 մլն դոլարի փոխհատուցում՝ վթարի ժամանակ չաշխատած անվտանգության բարձիկի համար, գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Դունկանի ներկայացուցիչների տվյալներով՝ անվտանգության բարձիկը չի աշխատել արտադրողի սխալի պատճառով։ Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել 2010-ին, երբ Դունկանը գտնվել է Hyundai Tiburon մեքենայի ղեկին։ Վթարի հետևանքով նա ստացել է գլխուղեղի վնասվածք։
Դունկանի փաստաբան Արի Կասպերն ընդգծել է, որ դատարանի նման որոշումը նշանակություն ունի «նույնիսկ պետական անվտանգության համար»։
«Սա կարևոր հաղթանակ է մեր հաճախորդի և պետական անվտանգության համար։ Կցանկանայի հավատալ, որ դա կստիպի ավտոմեքենա արտադրողներին անվտանգ տրանսպորտային միջոցներ արտադրել»,- ասել է փաստաբանը։
Hyundai ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հարավկորեական ընկերության ղեկավարությունը համաձայն չէ դատավճռի հետ և պատրաստվում է բողոքարկել այն։










