Mozilla-ն 69 եվրոյով վաճառքի է հանում Firefox-սմարթֆոնը
Տեխնոլոգիական Mozilla ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել Firefox OS օպերացիոն համակարգի հիման վրա գործող նոր սմարթֆոնը, որի գինն ընդամենը 69 եվրո է, հայտնում է Вести-ն՝ նկատելով, որ ոչ ոք նման էժան գին չէր ակնկալում։
ZTE Open անվանումով սմարթֆոնը վաղվանից կվաճառվի Իսպանիայում։ Սակայն մատչելի գինն այս հեռախոսի միակ առավելությունը չէ. դրա հետ մեկտեղ կտրամադրվի 30 եվրոյի հավաստագիր, որը կարելի է ծախսել զանգերի համար։ Փաստորեն վճարվող 69 եվրոյից 30-ը կվերադառնա գնորդի գրպանը։
Ըստ ամենայնի, այս քայլին դիմելով՝ ընկերությունը ցանկանում է իր օպերացիոն համակարգի համար դիրքեր նվաճել շուկայում։ Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն, իհարկե, չի կարելի համարել տեխնոլոգիական կատարելություն։ Հեռախոսը զինված է ARM պրոցեսորով և 3.5 դյույմանոց էկրանով։ Firefox OS-ի համար հավելվածներ հնարավոր կլինի ներբեռնել Firefox Marketplace-ից։










