Տգետ քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանի գիտատեխնիկական հզոր ներուժը ոչնչացվել է. գիտնական
Գիտությունն է որոշում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ Հայաստանում այժմ գիտությունը օրհասական վիճակում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սիներիկ Հայրապետյանը։ Նա ընդգծեց, որ տգետ քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանի գիտատեխնիկական հզոր ներուժը ոչնչացվել է։
«Գիտությունը մեր ազգային հարստությունն է, ինչը կարելի է շահութաբեր դարձնել` օգտագործելով մեր երկրի աշխարհաքաղաքական պայմանները: Դա ավելի մեծ արդյունք կտա, քան հանքերի շահագործումը»,- ասաց նա:
Սիներիկ Հայրապետյանը որպես օրինակ մատնանշեց Իսրայելը և ընդգծեց, որ թեև այն փոքր երկիր է, ավելին՝ արաբական երկրները միահամուռ պայքարում են նրա դեմ, բայց Իսրայելն ամեն ինչ անում է գիտությունը զարգացնելու համար։
«Մեր առջև ընդամենը միջազգային մակարդակով վարկաբեկված թուրքերն են, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների հետ էլ շատ լավ հարաբերություններ ունենք, ուստի կարելի էր մեր այս նպաստավոր վիճակն օգտագործել, զարգացնել գիտությունն, ու այն մեր տնտեսության համար դարձնել շահութաբեր»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակի համար պրոֆեսորը մեղադրեց մտավորականներին, ապա նոր բարձրաստիճան պաշտոնյաներին։










