Կերբերոս, Ստիքս. Պլուտոնի արբանյակներին պաշտոնապես անուններ են տրվել
Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակ Պլուտոնի 2 արբանյակներին, որոնք նախքան այս կրում էին P4 և P5 պայմանական անունները, պաշտոնապես նոր անուններ են տրվել։
Ինչպես հայտնում է Лента-ն, Միջազգային աստղագիտական միությունն անցկացված մրցույթի արդյունքներով որոշել է դրանք անվանել Կերբերոս և Ստիքս։ Անվանումներն ընտրվել են ոչ պատահական սկզբունքով. դրանք պետք է կապ ունենային անտիկ դիցաբանության մեռյալների աշխարհի հետ։
Կերբերոսը մեռյալների թագավորության պահակ եռագլուխ շունն է, իսկ Ստիքսը՝ ողջերինը մեռյալների թագավորությունից բաժանող գետը։










