Պետք է դեռ ապացուցել, որ Երևանում երկրաշարժի գեներացման հիմքեր կան. երկրաֆիզիկոս
Ֆիզիկոս-երկրաֆիզիկոս, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի՝ այն հայտարարությունը, որ եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի, համարում է անհեթեթ՝ մի շարք պատճառներով:
«Նախ, այն կոպիտ մասնագիտական սխալ է պարունակում, քանի որ չի նշվում, թե այդ հաշվարկն իրականացնող խումբ մասնագետներն այդ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը որտե՞ղ են տեղադրել, ամենայն հավանականությամբ` Երևանի կենտրոնում, ոչ խորը հիպոկենտրոնով: Դրա համար նրանք դեռ պետք է ապացուցեն, որ այդպիսի երկրաշարժի գեներացման հիմքեր կան»,– Tert.am–ի հետ զրույցում նա ասաց:
Հիշեցնենք, որ «168 ժամ» օրաթերթի 29.06.13թ. համարում «Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի» նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի և կզոհվի առնվազն 300.000 մարդ, ապա ավելացրել, որ այդ գնահատականը ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն՝ հիմնված կոնկրետ հաշվարկների վրա։
Անդրադարձ կատարելով Միքայել Մելքումյանի՝ մայրաքաղաքի շենքերի սեյսմակայունության վերաբերյալ գնահատականներին, Մանե Հակոբյանը ավելացրեց, որ ավելին, հայտնի է, որ երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը պայմանավորված է նաև, թե օրվա որ ժամին է այն գեներացվել: Ըստ այդմ՝ գիշերը զոհերի թիվն շատ ավելի մեծ է լինում:
«Սրա մասին այդ խումբ մասնագետները նույնպես լռում են: Բացի այդ, այս հարցն առաջին անգամ բարձրաձայնել է ՀՀ սեյսմիկ կենտրոնի հիմնադիր տնօրեն, երջանկահիշատակ Սերգեյ Բալասանյանը, մոտ 15 տարի առաջ և նա կորուստների նույն թիվն էր նշում, այն դեպքում, երբ 15 տարիների ընթացքում շենքերի ամրությունը պիտի որ վատթարանար»,- ասաց տիկին Հակոբյանը:
Մանե Հակոբյանը տարիներ շարունակ առաջ է քաշում այն թեզը, որ տարածաշրջանում սեյսմակայունության լարվածության ավելացման պատճառը ( առնվազն վերջին տասնամյակի ընթացքում մեր տարածաշրջանում ընթանում են օրեցօր ուժգնացող-ահագնացող և տարածվող տեխնածին գեոդինամիկ պրոցեսներ` Ապշերոնյան թերակղզու հարավային, հատկապես Բաքվի տարածքների էպիկենտրոնով») պատճառը նշված տարածքներում ընթացող վտանգավոր տեխնածին գեոդինամիկ պրոցեսներն են, որոնք նավթի ու գազի երկարատև (150 տարուց ավելի), ինտենսիվ արդյունահանման հետևանք են:
Գիտնականը այս կապակցությամբ հավելեց.«Այս մասին առաջին անգամ բարձրաձայնել եմ 2011թ. դեկտեմբերին «Կասպից ծովը մեր տարածաշրջանի տակ դրված գերհզոր ռումբ է» հոդվածում, իսկ ամիսներ անց «Journal of Natural Hazards»-ում տպագրվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի և Ադրբեջանի մի խումբ գեոֆիզիկոսների փորձնական ուսումնասիրությունների արդյունքները` «Արևելյան Կովկասի կինեմատիկան Բաքվի մոտակայքում» հոդվածը, որի փորձնական արդյունքները համընկնում էին իմ տեսական եզրահանգումների հետ: Նրանք ևս կանխատեսում են նշված տարածքներում ծայրահեղ վտանգավոր, ավերիչ երկրաշարժեր ու վտանգավոր գեոդինամիկ պրոցեսներ, ինչի արդյունքում կավերվի նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Ավելին, ադրբեջանցի գեոֆիզիկոսների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ.-ին նշված տարածքներում անջատված սեյսմիկ էներգիան 2011 թ.-ի համեմատ աճել է 100 անգամ, ինչը խիստ մտահոգիչ է»,- ասաց Մանե Հակոբյանը:
Նրա խոսքով, բացի այդ, նշված տարածքներում ընթացող վտանգավոր տեխնածին գեոդինամիկ պրոցեսները` տեխնածին տեկտոնիկ խզվածքների, մեծածավալ սողանքների, գրունտի նստման, փլուզումների գեներացում և այլն, արագորեն տարածվում են: Ներկայումս նման պրոցեսներ ընթանում են նաև Ադրբեջանին հարակից երկրների տարածքներում` Հայաստանի ու Վրաստանի արևելյան և կենտրոնական, ՌԴ կովկասյան և Իրանի հյուսիսային տարածքներում, ինչն էլ ավելի է բարդացնում տարածաշրջանի սեյսմիկ-գեոդինամիկ իրավիճակը:
Մանե Հակոբյանն այս համատեքստում հարցրեց.«Հետաքրքիր է, այս մասին այդ «հաշվարկներն» իրականացրած մասնագետների խումբը տեղյա՞կ է: Հավանաբար, ո՛չ, եթե տեղյակ լինեին, գոնե կմեծացնեին իրենց կողմից հաշվարկված կործանարար երկրաշարժի արդյունքում կորուստները:
Ի վերջո, ստիպված եմ նշել, որ նման «հաշվարկների» հեղինակների այդ խումբը տվյալ հարցում անաչառ չէ, այն շահագրգիռ կողմ է, քանի որ հենց սեյսմակայուն շինարարության հարցերով զբաղվող կազմակերպություններ է ներկայացնում»:
Ֆիզիկոսը մի հարց է ուզում ուղղել պրն. Մելքումյանին և այդ «հաշվարկների» մյուս հեղինակներին: Այն է, որ եթե տրամադրվեն գումարներ, ապա ակտիվ-գեոդինամիկ պրոցեսների գոտիներում գտնվող շենքերը կդիմակայե՞ն սողանքներին: Մանե Հակոբյանի պատասպանն է ՝«իհարկե ո՛չ»:
Նա նաև նշեց, որ մեր երկրում անհրաժեշտ է օր առաջ իրականացնել ժամանակակից մակարդակով լուրջ, հետևողական գիտական ուսումնասիրություններ՝ բացահայտելու համար ՀՀ և հարակից տարածքների երկրակեղևում ընթացող գեոդինամիկ պրոցեսները, դրանց բնույթը, դրանց դինամիկան և հետևանքները և դա անհերքելի առաջնահերթություն է:
Ըստ Մանե Հակոբյանի՝ այն, որ սեյսմակայուն շինարարության և հին շինությունների ամրացման հարցն առկախ է, նույնպես անհերքելի առաջնահերթություն է, սակայն ավելացրեց, որ դրանց պետք է տրվի մասնագիտական, «կոմպլեքս լուծում»՝ հաշվի առնելով ընթացող բոլոր պրոցեսները:
«Ինչն այդ մասնագիտական խմբի կողմից, մեղմ ասած, անտեսվել է»,- ասաց Մանե Հակոբյանը ու ավելացրեց, որ հակառակ դեպքում, հերթական անգամ, որոշակի մասնագիտական խմբի կամ խմբերի ու անհատների սեփական բիզնես շահերը բավարարելուց և բյուջետային գումարներ փոշիացնելուց զատ ոչինչի չենք հասնի»:










