Համացանցից օգտվելու համար պետք է կրթվել. Սամվել Մարտիրոսյան

13:15 • 03.07.13

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցիալական ցանցերում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածման հարցում խնդիրը համարում է այն, որ պետք է նման տվյալների տիրապետող անձիք կրթվեն համացանցից օգտվելուց առաջ։

«Այստեղ հարցն այն է, թե արդյոք չպետք է գաղտնիք կրողները այս առումով կրթվեն, այսօր սոցցանցերը դառել են սոցհարցումներից ավելի լավ գործիքներ, Հայաստանից մոտ կես մլն մարդ ամեն օր Facebook-ում է գտնվում։ Հայաստանի բնակչության կեսը գտնվում է սոցցանցերում և անընդհատ բաց տեղեկատվություն է կրում»,– այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
 

Վերջինիս խոսքով՝ Odnoklasniki.ru սոցիալական ցանցն էլ «մութ դալան» է, պետք է փորձել այնտեղ էլ չկորցնել հողը ոտքերի տակ, իսկ եթե ինչ–որ մեկը ձեզ գրում է, դա չի նշանակում, որ ինքն է։ Ըստ նրա՝ այդտեղ էլ կրթելու խնդիր կա։

Փորձագետը նաև նշեց, թե ինքը կողմ է, որ ՊՆ աշխատակիցների անձնական էջերը, գաղտնաբառերը ՊՆ–ի վերահսկողության տակ լինեն։ «Կամ արգելել, կամ վերահսկել»,–ասաց նա։

Թեմայի շուրջ բլոգեր Տիգրան Քոչարյանը նշեց, որ ժամանակին ավելի խայտառակ վիճակ էր Odnoklasniki.ru կայքում, իրենք գտել էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ավարտածների խումբ, հետախույզների խումբ։
 

«Շատերն ուղղակի կրթված չեն, պետք է դպրոցի վերջին դասարաններում արդեն տեղեկացնել, թե ինչ վտանգ կարող է ունենալ բաց տեղեկատվությունը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է համացանցում պետական պաշտոնյաների գործունեությանը՝ Տիգրան Քոչարյանը նշեց, որ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, և մեզ հետևում են։ Ցանկացած ինֆորմացիա կարող է օգտագործվել, սկսած նրանից, թե պաշտոնյան ինչ է «լայք տալիս», դրա համար պետական պաշտոնյան պետք է շատ ուշադիր լինի, և, իհարկե, վերահսկող մարմինները պետք է ուշադիր լինեն։



 

Համացանցից օգտվելու համար պետք է կրթվել. Սամվել Մարտիրոսյան